Bild-ն Իրանի դեմ Թրամփի հետագա գործողությունների երեք սցենար է ներկայացրել

Երկու ամիս տևած հարաբերական անդորրից հետո Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվել է։ Նախօրեին Իրանը անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի վրա, իսկ ԱՄՆ-ը տարածաշրջան է ուղարկել երրորդ ավիակիրը։ Թեհրանը բացահայտ սպառնում է կանխարգելիչ հարված հասցնել։ Դոնալդ Թրամփը, որն անցած շաբաթ պատերազմը «գրեթե ավարտված» էր հայտարարել, հետագա գործողությունների երեք տարբերակ ունի, գրում է Bild-ը։

Առաջին սցենարը հարվածների վերսկսումն է։ Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը դիտարկում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և տնտեսական օբյեկտներին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Axios-ի տեղեկություններով, պնդում է հարվածները վերսկսելու անհրաժեշտությունը։

Երկրորդ սցենարը դիվանագիտական ճնշումն է։ Հինգշաբթի Թրամփը Չինաստանի Շենչժեն քաղաքում կհանդիպի Սի Ծինփինի և Վլադիմիր Պուտինի հետ։ ԱՄՆ նախագահը, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, մտադիր է նրանց հետ քննարկել Իրանում ընթացող պատերազմը։ ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կարող է ճնշման լրացուցիչ լծակ դառնալ իրանական նավթի խոշորագույն գնորդի՝ Չինաստանի նկատմամբ։

Երրորդ սցենարը ծովային շրջափակման շարունակությունն է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Թեհրանի վրա տնտեսական ճնշումն արդեն այնքան մեծ է, որ նոր հարվածների կարիք չկա։ Միաժամանակ պահպանվում է դիվանագիտական կարգավորման հնարավորությունը. նոյեմբերի 17-ին Իրանի արտգործնախարարը կայցելի Օման, որը միջնորդ է Վաշինգտոնի և Թեհրանի միջև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *