Մենք վճռական ենք վերջ դնելու Ուկրաինայում պատերազմին և դրա պատճառած մարդկային ահռելի տառապանքներին։ Դրա մասին հայտարարել է ամերիկյան բանակցային խմբի անդամ, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։
«Վճռական ենք հասնելու տևական խաղաղության և շարունակում ենք հաստատակամ լինել՝ անելու հնարավոր ամեն ինչ դրան նպաստելու համար։ Այսօր առավոտյան ես խոսել եմ Յուրի Ուշակովի հետ՝ ձեռք բերված առաջընթացն ու խաղաղ գործընթացի հաջորդ քայլերը քննարկելու համար։
Նաև արդյունավետ հեռախոսազրույց ենք ունեցել Ուկրաինայի և մեր եվրոպացի գործընկերների, դրանց թվում՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Իտալիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։
Քննարկել ենք, թե ինչպես նպաստել Եվրոպայի և Ռուսաստանի միջև ուղիղ փոխգործակցությանը, որը վերջին չորս տարիների ընթացքում մեծապես բացակայել է։ Կարևոր է, որ երկու կողմերն անմիջականորեն լսեն միմյանց մտահոգություններն ու առաջարկները, քանի որ մենք աշխատում ենք Եվրոպայի համար ավելի կայուն և անվտանգ ապագա ապահովելու ուղղությամբ։
Սկսել ենք նաև հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգի նախապատրաստումը. այն ձգտում ենք հրավիրել մոտ ապագայում։ Մեր քննարկումների առանցքում հիմնարար հարցն էր՝ ինչպե՞ս վերջ դնել այս սարսափելի պատերազմին և ստեղծել անվտանգության հետպատերազմյան մեխանիզմներ, որոնք կնվազեցնեն ապագա պատերազմների հավանականությունը։
ՆԱՏՕ-ն կմնա եվրոպական անվտանգության կարևորագույն հենասյունը։ Մեր նպատակն է հենվել գործող եվրոպական ինստիտուտների և համաձայնագրերի վրա՝ ամրապնդելով անվտանգության ոլորտում պարտավորությունները, հաղորդակցությունը, թափանցիկությունն ու լարվածության թուլացման մեխանիզմները, որպեսզի մեր ձեռք բերած խաղաղությունը կարողանա տևական լինել։
Երբ մեկ տարի առաջ սկսեցինք այս աշխատանքը, Ուկրաինայի համար հաջող արդյունք սահմանեցինք ինքնիշխան, անվտանգ և բարգավաճ երկիրը, որն ազատ է ինքնուրույն որոշելու իր ապագան։
Վերջին մեկ տարվա ընթացքում սերտորեն համագործակցելով Ուկրաինայի և մեր եվրոպացի գործընկերների հետ՝ զգալի առաջընթաց ենք գրանցել այդ նպատակին հասնելու ճանապարհին՝ երեք հիմնական ուղղություններով.
1. Անվտանգության հուսալի և վստահելի երաշխիքներ՝ Ուկրաինան ապագա ագրեսիայից պաշտպանելու համար։
2. ԵՄ-ին անդամակցության ուղի, որն ամրագրում է Ուկրաինայի երկարաժամկետ ապագան Եվրոպայում։
3. Հետպատերազմյան բարգավաճման համապարփակ ծրագիր, որը մշակվել է մեր եվրոպացի գործընկերների, Համաշխարհային բանկի և այլ կազմակերպությունների հետ համատեղ՝ Ուկրաինայի ֆինանսական կայունությանը, վերականգնմանը, ներդրումներին և երկարաժամկետ տնտեսական աճին աջակցելու համար։
Այդ տարրերը միասին կարող են Ուկրաինային ուժ, անվտանգություն, ազատություն և վստահություն հաղորդել՝ Ռուսաստանի հետ մնացած բարդ հարցերի շուրջ բանակցելու և իր ժողովրդի համար ավելի պայծառ ապագա կառուցելու համար։
Խաղաղության ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է համաձայնեցվի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Թեև հանրային քննարկումների մեծ մասը կենտրոնացած է կողմերի միջև տարաձայնությունների վրա, մենք շարունակում ենք տեսնել դրական և կառուցողական գաղափարների ի հայտ գալը հանրության տեսադաշտից դուրս ընթացող լուրջ քննարկումների ընթացքում։ Այդ մտքերի փոխանակումներն օգնում են մեզ ուսումնասիրել հնարավոր լուծումները և նվազեցնել մնացած տարաձայնությունները։ Դեռևս կան կարևոր խնդիրներ, և վերջնական համաձայնության հասնելու համար դժվար որոշումներ կպահանջվեն։ Բայց մենք առաջ ենք շարժվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ սերտ համակարգմամբ, դեպի մի արդյունք, որը կարող է վերջ դնել այս պատերազմին, ամրապնդել եվրոպական անվտանգությունը և հիմքեր դնել տևական խաղաղության համար»,- նշել է Քուշները։