«Ֆազի» սպանության գործով մեղադրյալ Հարություն Սահակյանը Ռուսաստանից տեղափոխվել է Հայաստան

Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության գործով մեղադրյալ Հարություն Սահակյանը Ռուսաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում տեղափոխվել է Հայաստան։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Ավելի վաղ նրա տեղափոխման մասին հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթի Armlur.am կայքը։

Հիշեցնենք, որ Սերգեյ Գրիգորյանը սպանվել է 2024 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 23։15-ի սահմաններում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռուստամ Ստեփանյանը, նախնական համաձայնության գալով Աշոտ Կուրեղյանի, Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի հետ, կազմակերպել է Գրիգորյանի սպանությունը։

Մեղադրանքի համաձայն՝ հանցագործության նախապատրաստման ընթացքում ապօրինի ձեռք են բերվել «ԱԿ-103» տեսակի ինքնաձիգ և առնվազն 54 փամփուշտ։ Սպանությունն իրականացվել է Հարություն Սահակյանի և Սուրեն Գրիգորյանի անմիջական մասնակցությամբ։

Քննությամբ պարզվել է նաև, որ Ռուստամ Ստեփանյանի և Սերգեյ Գրիգորյանի միջև անձնական բնույթի տարաձայնությունները սկսվել են դեռևս 2018 թվականին։ Նրանց հարաբերություններն առավել սրվել են 2020 թվականի դեկտեմբերին՝ սոցիալական ցանցերում հրապարակված վիրավորական մեկնաբանությունների պատճառով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *