Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար | Top-News.am


«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմը Հայաստանի առաջին ու գլխավոր նվագախմբի ու նրա մեկդարյա պատմության մասին է։ Իսկ պատմությունը ներկայացնում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Պատմում է մի նվագախմբի մասին, որը ոչ միայն դիմակայել է մեր պետությանը բաժին հասած փոթորիկներին, այլ մշտապես զարգացել է՝ հասնելով միջազգային բարձր չափանիշների:

Ֆիլմում լսում ենք աշխարհահռչակ մենակատարների ու դիրիժորների՝ Պլասիդո Դոմինգո, Վալերի Գերգիև, Մարկ Ալբրեխտ, Ավգուստին Հադելիխ, Սերգեյ Խաչատրյան, որոնք ներկայացնում են նվահախմբի հետ իրենց համագործակցությունը։

Յուրօրինակ ֆիլմ-այցեքարտում հիմնական շեշտը դրված է ներկայիս նվագախմբի վրա՝ ներկայացնելով, թե ինչ նվաճումների է այն հասել մեկ դար անց։

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակը պարզապես հոբելյանական տարեթիվ չէ, սա մեր ազգային ինքնության, մշակութային դիմադրողականության և անսպառ նվիրումի տարեգրությունն է,- ասում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը՝ անդրադառնալով ֆիլմի ստեղծմանն ու նվագախմբի հոբելյանական ուղուն։ -Այս ֆիլմը հրաշալի հնարավորություն է հետադարձ հայացք գցելու մեզ թողած հարուստ ժառանգությանը և միաժամանակ արձանագրելու այն բարձր նշաձողը, որին այսօր հասել է նվագախումբը»։

«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմի ստեղծագործական աշխատանքը հիմնված է սցենարիստ, երաժշտագետ, լրագրող Ռուզաննա Մկրտչյանի և բեմադրող օպերատոր, ռեժիսոր, միջազգային մրցանակների արժանացած, հարյուրավոր հայկական և արտասահմանյան ֆիլմերի (այդ թվում՝ մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի) բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի ստեղծագործական տանդեմի վրա։

«Այս ֆիլմն ինձ համար կարևորվում է նրանով, որ թեև այն դոկումենտալ է, բայց խնդիր եմ դրել իմ առջև, ստանալ գեղարվեստական արժեք ներկայացնող ֆիլմ։ Փորձ է արվել համադրել նվագախմբի բարձր մակարդակի կատարողական վարպետությունը մեր հայրենիքի հիասքանչ և գեղեցիկ բնության հետ, որտեղից ծնունդ են առել նվագախմբի երաժիշտներն ու հայ երաժշտարվեստը, նաև Երևան քաղաքի մթնոլորտի հետ, որտեղ մեկ դար առաջ ծնվեց իր զարգացումն ապրեց նվագախումբը»,- պատմում է ֆիլմի ռեժիսոր և բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը։

«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *