Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Շանհայի վարկանիշային ցանկի առաջին 50 համալսարաններում սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության տարկետման տարիքային շեմը 27-ից բարձրացնել մինչև 32 տարեկան։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխության նպատակն է բարձրակարգ մասնագետների գիտելիքներն ու փորձը ծառայեցնել Հայաստանի զարգացմանը։
Նախատեսվում է, որ այդ համալսարանների շրջանավարտները կկարողանան պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել, եթե առնվազն երեք տարի աշխատեն կառավարության սահմանած գերակա ոլորտներում՝ կրթություն, գիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն, առողջապահություն և այլ ուղղություններ։
Նախարարի տեղեկացմամբ՝ ծրագրից օգտվելու իրավունք ունեցող շուրջ 40 քաղաքացիներից արդեն 21-ը դիմել են։ Նոր փոփոխությունը հնարավորություն կտա նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին ավարտելուց հետո օգտվել այս հնարավորությունից։