Այսօր՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունին։
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը զորակցություն է հայտնել նախագահին՝ բարձր գնահատելով նրա շարունակական ջանքերը՝ ամրապնդելու Լիբանանի ազգային միասնությունն ու ներքին խաղաղությունը, զարգացնելու երկրի տնտեսությունը և պահպանելու անվտանգությունն ու կայունությունը։
Այս առիթով Վեհափառը շեշտել է Լիբանանի տարածքային ամբողջականության, պետական ինքնիշխանության և անկախության պահպանման հրամայականը։ Նա նաև ընդգծել է Իսրայելի կողմից՝ Լիբանանի հարավում բռնազավթված տարածքներից հեռանալու անհրաժեշտությունը։
Վեհափառ Հայրապետը վերահաստատել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը՝ իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով, ինչպես նաև Լիբանանի և Սփյուռքի հայությունը, զորավիգ են կանգնում Լիբանանի անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված ջանքերին։
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը նաև շնորհավորել է նախագահ Ժոզեֆ Աունին Լիբանանի անկախության տոնի առիթով՝ ընդգծելով, որ անկախության տարեդարձը յուրաքանչյուր լիբանանցու համար պետք է առիթ լինի վերահաստատելու իր հավատարմությունը Լիբանանին։
Իր հերթին, Լիբանանի Հանրապետության նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունը բարձր է գնահատել լիբանանահայ համայնքի նշանակալի ներդրումը Լիբանանի հասարակական կյանքում՝ ընդգծելով, որ հայ համայնքը Լիբանանի հասարակության անբաժանելի մասն է և իր ակտիվ մասնակցությամբ կարևոր դեր ունի երկրի զարգացման ու բարգավաճման գործում։
Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը նախագահ Ժոզեֆ Աունին հրավիրել է պաշտոնապես բացելու Կաթողիկոսարանի՝ վերջերս կառուցված Պեզիկյան համագումարների նոր կենտրոնը։