Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում բացվել է «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։ Ներկայացված են Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, որոնք համադրվել են Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։
Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հունաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ՝ Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի համագործակցությամբ։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին, Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Ակրոպոլիսի թանգարանի գլխավոր տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է վերջին տարիներին Հայաստան-Հունաստան մշակութային համագործակցության խորացումը, ինչպես նաև ընդգծել ցուցահանդեսի դերը երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների առավել սերտացման գործում․
«Ցուցահանդեսն ընդգծում է Հայաստանի պատմական դերը՝ որպես հնագույն քաղաքակրթությունների, առևտրային ուղիների և մշակութային փոխազդեցությունների կարևոր խաչմերուկ։ Հայկական ժառանգությունը ներկայացվում է Ակրոպոլիսի թանգարանում՝ մշակութային ժառանգության պահպանման աշխարհի առաջատար կենտրոններից մեկում` որպես երկու հնագույն քաղաքակրթությունների միջև պատմական երկխոսության և մշակութային արժեքների փոխանակման եզակի հարթակ»։