Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չեն ընթանում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
«Բանակցությունները դեռ չեն սկսվել, ուստի չենք կարող անցնել տեխնիկական մանրամասներին և տարբեր հարցերի քննարկմանը»,- նշել է նա։
Ղարիբաբադիի խոսքով՝ հարստացված միջուկային նյութերը ոչ մի պարագայում չեն արտահանվի երկրից։
«Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հարստացված միջուկային նյութերը ոչ մի պարագայում չեն արտահանվի երկրից։ Եթե մենք այդ նյութերն ուղարկենք արտերկիր, ապա դժվարություններ կունենանք մեր սեփական կարիքները բավարարելու հարցում»,- հավելել է ԱԳ նախարարի տեղակալը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման համաձայնագիրը պետք է երկարաժամկետ լինի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման համաձայնագիրը պետք է երկարաժամկետ լինի։
«Ես մտադիր եմ Իրանի հետ այնպիսի համաձայնագիր կնքել, որ նույնիսկ 4, 15 կամ 20 տարի անց իմ ստորագրած փաստաթուղթը կմնա անփոփոխ, եթե նույնիսկ ոչ կոմպետենտ նախագահ ունենանք»,- ասել է նա։
Թրամփը նաև նշել է, որ շահագրգռված չէ Իրանում իշխանափոխությամբ, սակայն թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ունենա։