Աշխարհը պաշտոնապես թևակոխել է կլիմայական ծայրահեղությունների դարաշրջան։ Այս նոր իրականության գինը չափվում է հարյուր հազարավոր մարդկային կյանքերով և տրիլիոնավոր դոլարներով, գրում է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«2026 թվականի ավարտին արձանագրված թվերը մտահոգիչ են։ Միայն անցած ամռանը Եվրոպայի քաղաքներում շոգով պայմանավորված հավելյալ մահերի թիվը գերազանցել է 30 հազարը։ Տարբեր գնահատականներով՝ ջերմաստիճանային շեղումների հետ կապված մահերի ընդհանուր թիվը շուրջ 50 հազար է։ Ամենամեծ կորուստները կրել են Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան։ Ասիայում ևս ողբերգություն է տեղի ունեցել․ Հիմալայներում սառցադաշտի փլուզման հետևանքով սառույցի և ժայռաբեկորների հսկայական զանգված է գահավիժել՝ խլելով առնվազն 1 300 մարդու կյանք։ Կարծես բոլոր մայրցամաքներում բնության տարերքները դուրս են եկել վերահսկողությունից։
Վերջին երեք տասնամյակների տվյալներն ավելի ամբողջական պատկեր են տալիս կորուստների մասշտաբի մասին։ Փորձագետների հաշվարկներով՝ այդ ընթացքում եղանակային աղետները համաշխարհային տնտեսությանը հասցրել են գրեթե 5 տրիլիոն դոլարի վնաս, իսկ զոհերի թիվը գերազանցել է 900 հազարը։ Այս տվյալները ներկայացվել են Թուրքիայում կայացած կլիմայական գագաթնաժողովում։ Առավել տուժած 20 երկրների շարքում զարգացող երկրների կողքին են նաև Եվրամիության համեմատաբար բարեկեցիկ պետություններ՝ Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը և Իսպանիան։ Կրկնվող ջերմային ալիքներն ու ենթակառուցվածքներ ավերող անտառային հրդեհներն ամեն տարի միլիարդավոր դոլարների վնաս են հասցնում նրանց տնտեսություններին։
Կլիմայական հետազոտությունները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունը մեծացնում է ռիսկերը․ նախկինում հազվադեպ հանդիպող ծայրահեղ երևույթները դառնում են կրկնվող սպառնալիք։ Առավել տուժած տարածաշրջանների թվում են Կարիբյան ավազանը, Հարավարևելյան Ասիան, Աֆրիկայի հարավարևելյան շրջանները և Միջերկրածովյան երկրները։
Գիտական վերլուծությունը վկայում է Երկրի կլիմայական համակարգում ընթացող խորքային փոփոխությունների մասին։ Համաշխարհային օվկիանոսը կարգավորում է մոլորակի ջերմաստիճանը։ Տասնամյակներ շարունակ այն կլանել է մարդու գործունեության հետևանքով Երկրի կլիմայական համակարգում կուտակված հավելյալ ջերմության մինչև 90%-ը։ Սակայն այդ ջերմային բեռի հետևանքներն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում։ 2026 թվականի հոկտեմբերին բևեռային շրջաններից դուրս օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը հասել է 20,95 °C-ի՝ սահմանելով դիտարկումների ամբողջ ժամանակաշրջանի բացարձակ ռեկորդ։
Օվկիանոսի տաքացումը նպաստում է սառցածածկույթի հալքին՝ առաջացնելով կլիմայական դրական հետադարձ կապ։ Արբանյակային դիտարկումների տվյալներով՝ այս աշնանը Անտարկտիկայի շուրջ ծովային սառույցի տարածվածությունը կլիմայական նորմայից փոքր է եղել 9,3%-ով։ Սա դիտարկումների ամբողջ ժամանակաշրջանի երկրորդ ամենացածր ցուցանիշն է։ Արկտիկայում ևս ծովային սառույցի տարածվածությունը հասել է պատմական նվազագույնի։ Երբ պայծառ սառցածածկույթը նահանջում է, բացվում է ջրի ավելի մուգ մակերեսը։ Այն կլանում է ավելի շատ արեգակնային ճառագայթում՝ ուժեղացնելով տաքացումն ու արագացնելով սառույցի հետագա հալքը։
2023–2026 թվականները պաշտոնապես ճանաչվել են մարդկության պատմության ամենատաք քառամյա ժամանակահատվածը։ Այդ չորս տարիների միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակը գերազանցել է ավելի քան 1,5 °C-ով։ Եղանակային ծայրահեղ երևույթները մեր աչքի առաջ դառնում են նոր կլիմայական իրականության մաս»,– նշել է Ազիզյանը։