Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ կա 1 զոհ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chery», «Kia» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ քննչական խումբը դեպքի վայրում աշխատում էր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Իսկ բախման հետևանքով էլ «ՎԱԶ 2107» -ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել Աթոյան փողոցում գործող շինանյութի խանութ՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *