
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱՆԵՐՆ ՈՒ ԴԵՂԱՏՆԵՐԸ Ե՞ՐԲ ԵՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԵՆՑ ԳՈՒՄԱՐԸ։
Այսօր նոյեմբերի 24-ն է, սակայն բազմաթիվ գյուղական ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամից։
Ինչպե՞ս պետք է գյուղական ամբուլատորիաները վճարեն բուժաշխատողների աշխատավարձերը։
Ինչպե՞ս պետք է դեղատները դեղորայք տրամադրեն ապահովագրված քաղաքացիներին, եթե կուտակված պարտքերի պատճառով այլևս չեն կարողանում նոր դեղեր ձեռք բերել։
Տիկին Ավանեսյան, նախքան Սահմանադրության նախագծի շուրջ խորը վերլուծություններ անելը և ընդդիմությանը տարբեր հարցերում մեղադրելը, պարզապես վերցրեք հեռախոսը և զանգահարեք ապահովագրական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին։
Պարզեք՝ ինչո՞ւ նոյեմբերի 24-ին՝ հոկտեմբեր ամսվա ֆինանսավորման ժամկետից արդեն 24 օր անց, բազմաթիվ բուժհաստատություններ դեռ չեն ստացել իրենց հասանելիք գումարները։
Առողջապահական ապահովագրությունը միայն մարդկանց ապահովագրված համարելու մասին չէ։ Պետությունը պարտավոր է ժամանակին վճարել, որպեսզի ամբուլատորիաները կարողանան աշխատել, դեղատները՝ դեղորայք տրամադրել, իսկ բուժաշխատողները՝ ստանալ իրենց աշխատավարձերը»։