Ռուսական գերության մեջ մահացած 27-ամյա ուկրաինացի լրագրող Վիկտորիա Ռոշչինայի մահվան պատճառ որպես փաստաթղթերում նշվել է սրտային հիվանդությունն ու թոքերի այտուցը։
Այս տվյալները BBC-ն հայտնաբերել է «Ռոսստատի» տվյալների արտահոսքի արդյունքում։ Դրանք գերատեսչության բազայում հայտնվել են լրագրողի մահից գրեթե հինգ ամիս անց՝ նրա մարմինը Ուկրաինային վերադարձնելուց կարճ ժամանակ առաջ։ Մարմնի վրա հայտնաբերվել են խոշտանգումների հետքեր, բացակայել են նաև որոշ ներքին օրգաններ։
Ռուսաստանի իշխանությունները հրապարակայնորեն չեն հայտնել Ռոշչինայի մահվան պատճառը։ Ուկրաինայի դատախազությանը նույնպես չի հաջողվել վերջնականապես պարզել այն։ Ուկրաինական քննության վարկածով՝ լրագրողի մահվան պատճառը եղել է «դաժան վերաբերմունքը՝ զուգորդված կանխամտածված սպանությամբ»։
Դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է ծոծրակային ոսկրի կոտրվածք։ Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի փոխանցմամբ՝ հետաքննությամբ արձանագրվել են նաև խիստ հյուծվածություն, խոշտանգումների, այդ թվում՝ էլեկտրահարման հետքեր, պարանոցի վնասվածքներ և կոտրված կողոսկր. գրում է BBC-ն։
Գերատեսչության տվյալներով՝ գերության ընթացքում Ռոշչինան պարբերաբար ենթարկվել է խոշտանգումների, ծեծի, նվաստացումների և սպառնալիքների։ Նրան սահմանափակել են նաև բժշկական օգնության, խմելու ջրի և սննդի հասանելիությունը։
radar armenia