Լատվիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի հետ սահմանը փակելու հնարավորությունը, հայտնում է Delfi պորտալը։ Վարչապետ Անդրիս Կուլբերգսը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է մինչև հաջորդ շաբաթ մշակել սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ Ռիգայի դիրքորոշումը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ խնդիրը պետք է դիտարկել համալիր կերպով՝ հաշվի առնելով ինչպես անվտանգության նկատառումները, այնպես էլ Բալթյան երկրների միջև սահմանահատողների հոսքերի հնարավոր վերաբաշխումը, ուստի տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն համաձայնեցված մոտեցման։
Իր հերթին Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերի փակման հարցի քննարկմանը՝ հույս հայտնելով, որ գործընթացը հնարավոր կլինի ավարտել առաջիկա օրերին։
Ավելի վաղ Էստոնիայի իշխանությունները որոշում էին կայացրել դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը՝ նշելով, որ վեց ամիս անց կառավարությունը կգնահատի սահմանափակումները երկարաձգելու կամ չեղարկելու անհրաժեշտությունը։ Տալլինի այս որոշումը քննադատել էր Էստոնիայի սահմանամերձ շրջանների ղեկավարությունը՝ ընդգծելով, որ սահմանի փակումը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա։