ԱՄՆ-ում հայտարարել են խարդախության հետևանքով պատճառված ավելի քան 8 միլիարդ դոլարի վնասի փոխհատուցման մասին

ԱՄՆ իրավապահ մարմինները մարտի սկզբից հասել են խարդախ սխեմաների հետևանքով պատճառված ավելի քան 8 միլիարդ դոլարի վնասի փոխհատուցմանը և մեղադրանք են առաջադրել ավելի քան 800 կասկածյալի։ Դրա մասին նոյեմբերի 24-ին հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը՝ ներկայացնելով Արդարադատության նախարարության՝ խարդախության դեմ լայնածավալ արշավի արդյունքները, հաղորդում է Fox News-ը։

Ըստ Բլանշի՝ մարտի 6-ին նախագահ Դոնալդ Թրամփի՝ կիբերհանցավորության և խարդախ սխեմաների դեմ պայքարի մասին հրամանագրի ստորագրումից ի վեր դաշնային դատախազներն ավելի քան 400 քրեական գործ են հարուցել 85 դաշնային դատական շրջաններում։ Քննությունների արդյունքում առաջադրվել են մեղադրանքներ, իրականացվել են արտահանձնումներ, ընդունվել են մեղադրական դատավճիռներ և նշանակվել ազատազրկման պատիժներ։

«Մենք ոչ միայն հետապնդում ենք առանձին խարդախների, այլև կազմաքանդում ենք հանցավոր ցանցերը, որոնք չափազանց երկար ժամանակ թալանել են ամերիկացիներին»,- Վաշինգտոնում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Բլանշը։

ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելն իր հերթին պատմել է Blackout միջազգային գործողության մասին, որն ուղղված է արտերկրում խարդախ սխեմաներ կազմակերպող հանցավոր խմբավորումների դեմ։ Նրա տվյալներով՝ ամերիկացի իրավապահներն ու նրանց օտարերկրյա գործընկերներն առգրավել կամ արգելափակել են գրեթե 17 միլիարդ դոլարի ապօրինի միջոցներ, բռնագրավել ավելի քան 14 հազար թվային սարք և չորս մայրցամաքներում փակել խարդախությամբ զբաղվող 29 կենտրոն։

Պատելի՝ նման կենտրոններում մարդկանց թրաֆիքինգի զոհերին ստիպում են մասնակցել համացանցային խարդախություններին։ Համատեղ գործողությունների ընթացքում հաջողվել է ազատել ավելի քան 2200 մարդու։

Իշխանությունները հայտնել են նաև խարդախ ցանցերի դեմ վերջին գործողությունների մասին։ Մասնավորապես, ամերիկացի և մեքսիկացի իրավապահները հասել են մի անձի արտահանձնմանը, որը կասկածվում է ավելի քան մեկ միլիոն տարեց ամերիկացիների տվյալները միջազգային հանցավոր խմբավորումներին վաճառելու մեջ։ Ըստ քննության վարկածի՝ այդ տեղեկություններն օգտագործվել են սխեմաներում, որոնք զոհերին առնվազն 15 միլիոն դոլարի վնաս են պատճառել։

Բացի դրանից, Աֆրիկայում համատեղ գործողության շրջանակում ձերբակալվել է 28 մարդ, առգրավվել են 11 միլիոն դոլարի ակտիվներ և ազատ են արձակվել 120 մարդ, որոնց ստիպել են աշխատել խարդախների համար։ Իշխանությունները նաև հասել են Facebook-ում և Instagram-ում 3,7 միլիոն կեղծ հաշվի հեռացմանը։

Աշխատանքի առանձին ուղղություն է խարդախության կանխումը՝ նախքան գումարները զոհերի հաշիվներից դուրս կգան։ Level Up գործողության շրջանակում, որը ՀԴԲ-ն իրականացնում է ԱՄՆ գաղտնի ծառայության հետ համատեղ, հաջողվել է կանխել 11 հազար ամերիկացիների՝ գրեթե 700 միլիոն դոլարի հնարավոր կորուստները։ Պատելի տվյալներով՝ նրանց 77%-ը չի էլ կասկածել, որ դարձել է խարդախների թիրախը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *