Իսրայելի ընդդիմադիր ուժերին չի հաջողվել հստակ մեծամասնություն ձևավորե


Քաղաքականություն


Իսրայելի ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Էյզենկոտի գլխավորած «Յաշար» կուսակցությունը հայտարարել է, որ կոալիցիոն համաձայնություն է ձեռք բերել ընդդիմադիր «Մեր տունը՝ Իսրայել» կուսակցության հետ՝ նոր կառավարություն ձևավորելու նպատակով։

«Յաշար»-ի փոխանցմամբ՝ Էյզենկոտը երեքշաբթի հանդիպել է «Մեր տունը՝ Իսրայել» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանի հետ, որից հետո կողմերը համաձայնության են եկել։ Սա հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի միջև առաջին նման համաձայնությունն է։

Նոյեմբերի 10-ին Իսրայելի խորհրդարանը երդմնակալության արարողությամբ սկսել է աշխատանքը՝ առանց նոր կառավարության ձևավորման։ Ընտրությունների արդյունքում վարչապետ Բենիամին Նեթանյահուն կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը, սակայն ընդդիմադիր ուժերին նույնպես չի հաջողվել հստակ մեծամասնություն ձևավորել։

Նախագահ Իսահակ Հերցոգը կառավարություն ձևավորելու մանդատը հանձնարարել է Գադի Էյզենկոտին։ Այդ ընթացքում Նեթանյահուն շարունակում է պաշտոնավարել որպես ժամանակավոր վարչապետ։

Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության և ծայրահեղ աջ ու ուլտրաուղղափառ ուժերի դաշինքը ստացել է 53 մանդատ՝ Քնեսեթի 120 տեղերից։ Էյզենկոտի կենտրոնամետ-աջակողմյան «Յաշար» կուսակցությունը և նրա հնարավոր դաշնակիցները, այդ թվում՝ Լիբերմանի կուսակցությունը, միասին ունեն 48 մանդատ։

Այնուամենայնիվ, Էյզենկոտը կարող է աջակցություն ստանալ նաև Իսրայելի արաբական փոքրամասնությունը ներկայացնող կուսակցություններից, որոնք խորհրդարանում ունեն 19 տեղ և դեմ են Նեթանյահուի իշխանության շարունակմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *