Բրուքլինի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները չինական Huawei հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ընկերությանը մեղավոր են ճանաչել առեւտրային գաղտնիքները գողանալու նպատակով դավադրության մեջ։ Միեւնույն ժամանակ՝ ընկերությունն արդարացվել է ավելի լուրջ ՝ ռեկետային գործունեություն ծավալելու նպատակով դավադրության մեղադրանքով։
Huawei-ը հայտարարել է, որ մեղադրանքները փաստական հիմքեր չունեն։
Սրանով եզրափակվել է ԱՄՆ կառավարության եւ անլար հեռահաղորդակցության ցանցերի սարքավորումներ արտադրող աշխարհի խոշորագույն ընկերության միջեւ ութ տարի տեւած դատական հակամարտությունը, հայտնում է BBC- ին։
Ավելի քան երկու ամիս տեւած դատավարության ընթացքում մեղադրող կողմը պնդել է, որ չինական տեխնոլոգիական հսկան մրցակցային առավելություն ստանալու համար դիմել է խաբեության եւ գողության։
Դաշնային դատախազությունն առաջին անգամ Huawei-ի դեմ մեղադրանքների մասին հայտարարել է 2019 թվականին՝ 2018 թվականի վերջին Կանադայում ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանժոուի աղմկահարույց ձերբակալությունից հետո։
Huawei-ի պաշտպանական կողմը պնդել է, որ դատախազությունն ի սկզբանե ընկերությանը դիտարկել է որպես հանցավոր կազմակերպություն, ապա հենց այդ դիրքորոշման հիման վրա կառուցել մեղադրանքը։ Փաստաբանների խոսքով՝ Huawei-ի հաջողությունը հիմնված է սեփական նորարարությունների եւ տեխնոլոգիաների զարգացման մեջ կատարված ներդրումների վրա։
Դատավարությունը տեւել է ավելի քան երկու ամիս։ Մեղադրող կողմը հրավիրել է ավելի քան 60 վկայի, իսկ պաշտպանական կողմը՝ 15-ի։
Դեռեւս հայտնի չէ, թե ինչ պատիժ կսահմանվի Huawei-ի նկատմամբ։ ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Էնն Դոնելին ընկերության նկատմամբ դատավճիռը կհրապարակի 2027 թվականի սեպտեմբերի 14-ին։