«Ի՞նչ է, ես ճամպրո՞ւկ եմ նրա համար». Զելենսկին՝ ի պատասխան Լուկաշենկոյի առաջարկի

Բելառուսի
նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել
է միասին թռչել Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության
բանակցությունների։

«Մենք
Զելենսկիի հետ կարող ենք նստել և թռչել Մոսկվա։ Երկուսով։ Որպես նրա անվտանգության
երաշխավոր՝ ես կարող եմ նրա հետ նստել և թռչել Մոսկվա»,- ասել է Լուկաշենկոն
ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում։

Նա
հավելել է, որ պատերազմն ավարտելու վերաբերյալ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը իրար
հետ կարող են պայմանավորվել ավելի արագ, քան եվրոպացիների։ Լրագրողի նկատառմանը, թե
Զելենսկին չի համաձայնի նման ձևաչափի, Լուկաշենկոն պատասխանել է. «Չի համաձայնի՝
թող կռվի։ Թող ինքը գնա ռազմաճակատ՝ գնդացրով, և կռվի։ Պատերազմը շարունակվում է,
այն պետք է կանգնեցնել։ Եվ մենք կարող ենք պայմանավորվել»։

Վլադիմիր
Զելենսկին սա անվանել է «անլուրջ զրույց»։ «Մենք պատերազմի մեջ ենք։ Մենք չենք
կարող հանդիպել Մոսկվայում, չենք կարող հանդիպել Կիևում։ Մենք բոլորս սա հիանալի
հասկանում ենք»,- ասել է նա։

Զելենսկու
խոսքով՝ նման առաջարկները կողմերին չեն մոտեցնում պատերազմի ավարտին։

«Նա
առաջարկում է ինձ իր հետ վերցնել։ Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրո՞ւկ եմ, ի՞նչ է։ Դնել
ինձ ինքնաթիռ և թռչել։ Ինչո՞ւ Մոսկվա»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *