«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան

«Սահմանադրության նախագծում ներառվել են ձևակերպումներ, որոնք բացառում են ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցությունը»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանադրության նոր նախագծում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ներառել Եվրամիությանն անդամակցելու ձգտման մասին որևէ դրույթ, այլև գրել է այնպիսի բաներ, որոնք ընդունվելու դեպքում ընդհանրապես բացառելու են Հայաստանի երբևէ ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը։
     Ուշադիր նայեք, թե ինչ նորամուծություններ են ներառվել այս նախագծում՝
     • դատաիրավական համակարգի և ԲԴԽ-ի կազմավորման վերաբերյալ,
     • դատավորների վեթինգի մասին,
     • օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ,
     • քաղաքացիությունից զրկելու թեմայով և այլն։
     Այս դրույթները ոչ միայն բացակայում են գործող Սահմանադրությունում, այլև ամբողջությամբ հակասում են Եվրոպական միության ստանդարտներին։
     Եթե այս փոփոխություններն ընդունվեն, Եվրամիությունը Հայաստանին պարզապես մերժելու է։
     Ինչո՞ւ։
     Որովհետև ԵՄ-ն ունի անդամակցության հստակ չափորոշիչներ՝ Կոպենհագենյան կրիտերիաները, որոնք բաժանված են 3 խմբի (քաղաքական, տնտեսական, իրավական) և ներառում են 35 բանակցային ուղղություն։
     Եթե երկիրը հայտ է ներկայացնում անդամակցության, ապա պարտավոր է իր ներքին օրենսդրությունը, տնտեսությունն ու քաղաքական համակարգը համապատասխանեցնել այդ ստանդարտներին։
     Բալկանյան երկրները, Թուրքիան, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը տարիներ շարունակ սպասում են հերթում հենց այն պատճառով, որ դեռ չեն ավարտել այս 35 ուղղություններով բանակցություններն ու բարեփոխումները։
     Իսկ մեզ մոտ արվում է ճիշտ հակառակը՝ սահմանադրական մակարդակով արգելափակվում է եվրահեռանկարը։
     Ստացվում է զավեշտալի ու երկակի պատկեր. մի կողմից Փաշինյանը հրապարակավ հայտարարում է ԵՄ հայտ ներկայացնելու մասին, մյուս կողմից՝ այս նոր նախագծի մեջ ներառում է ձևակերպումներ, որոնք ոչ մի կապ չունեն եվրոստանդարտների հետ և փակում են մեր ճանապարհը։
     Սրանով նա պարզապես մոլորեցնում է մեր հասարակությանը՝ կերակրելով կեղծ եվրահեռանկարով, թեև եվրոպացիներն էլ շատ լավ գիտեն, որ այս պայմաններում Հայաստանը տեսանելի ապագայում անդամակցության որևէ շանս չունի։
     Սահմանադրության այս նախագիծը ոչ միայն ալիևյան և հակահայկական է, այլև՝ բացահայտ հակաեվրոպական։
     Անկախ նրանից՝ արդարադատության ոլորտի պատասխանատուները վախեցել են սա ասել Փաշինյանին, թե ամեն ինչ արվում է գիտակցված, փաստը մնում է փաստ.
     Ռեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *