
ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ադրբեջանը 2005 թվականին փորձում էր հանել Անկախության հռչակագրի հիշատակումը մեր Սահմանադրությունից»։
«2005 թվականի Սահմանադրական բարեփոխումների ժամանակ, երբ դրանք ուղարկվեցին Վենետիկի հանձնաժողով, Վենետիկի հանձնաժողովում Ադրբեջանի ներկայացուցիչը լաց ու կոծ բարձրացրեց և պահանջում էր, որպեսզի Անկախության հռչակագիրը հանվի Սահմանադրության տեքստից․ պատճառաբանությունները, պլյուս-մինուս, նույնն էին, ինչ հիմա։
Այն ժամանակվա Վենետիկի հանձնաժողովի նախագահը հայկական պատվիրակության ելույթներից ու փաստարկներից հետո, հստակորեն նշեց, որ պատմական փաստերը և պատմական փաստաթղթերը փոփոխման ենթակա չեն, և Ադրբեջանի պահանջը անհիմն է։ Երբ այդ հարցը դրվեց քվեարկության, նույնիսկ Թուրքիայի ներկայացուցիչը չքվեարկեց Ադրբեջանի առաջարկի օգտին։
Հետագայում, 2015 թվականին, երբ նորից սահմանադրական բարեփոխումներ էին մեր երկրում, և դրանք ուղարկվել էին Վենետիկի հանձնաժողով՝ Ադրբեջանը նույնիսկ չփորձեց այդ անիմաստ և ապուշ առաջարկը անել, որովհետև գիտակցում էր, որ հաստատ այն չի անցնի։
Այդպես են պաշտպանում երկրի մայր օրենքը, այդպես է լինում, երբ երկրի շահերը պաշտպանում են հայրենասերները։ Այն ժամանակ Ադրբեջանին չհաջողվեց փոփոխել ՀՀ սահմանադրությունը, ու հիմա էլ Ալիևյան սահմանադրությունը չի անցնելու»,- տեսանյութում ասում է Մամիջանյանը։