Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի տարածքի վրայով թռչող ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ոչնչացումը կնշանակեր դաշինքի մասնակցություն ռազմական գործողություններին Կիևի կողմից, հաղորդում է Digi 24-ը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ իրեն հայտնի չէ այդ հարցով որևէ որոշման մասին։
«Երբ մոտ մեկ տարի առաջ այս վերլուծությունն էինք իրականացնում, այն ցույց էր տալիս, որ դա կնշանակեր մասնակցություն պատերազմին։ Եթե ինչ-որ բան փոխվել է, ես ձեզ կտեղեկացնեմ, բայց միայն դա է ինձ հայտնի Ռումինիայի պետական կառույցներում այն ժամանակ տեղի ունեցած քննարկումներից»,- հինգշաբթի՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդի արտահերթ նիստից առաջ ասել է Դանը։
Այսպես նա պատասխանել է Լեհաստանի առաջարկի վերաբերյալ հարցին։ Վարշավան առաջարկել էր դիտարկել ՆԱՏՕ-ի ուժերով Ուկրաինայի երկնքում ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու հնարավորությունը, եթե դրանք ուղղվում են դեպի դաշինքի երկրների տարածք։
Bloomberg-ի տվյալներով՝ որոշ պետություններ աջակցել են լեհական նախաձեռնությանը, սակայն քննարկումը նախնական բնույթ է կրել։ ՆԱՏՕ-ի հնարավոր պատասխանի շրջանակում կոնկրետ միջոցներ չեն դիտարկվել։ Նման սցենարի իրականացման համար Կիևը, մասնավորապես, պետք է դաշինքին նախազգուշացներ սպառնալիքների մասին և թույլ տար մուտք գործել իր օդային տարածք։ Միաժամանակ որոշումը կպահանջեր ՆԱՏՕ-ի բոլոր երկրների միաձայն համաձայնությունը, որը, Bloomberg-ի աղբյուրների տեղեկություններով, առայժմ չկա։
Դանը հայտնել է նաև, որ ԵՄ գագաթնաժողովի շրջանակում կարող են տեղի ունենալ Սև ծովում անվտանգության հարցերի շուրջ ոչ պաշտոնական քննարկումներ։ Ըստ նրա՝ այս թեման պարբերաբար բարձրացվում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ բանակցություններում։ Ավելի վաղ՝ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ զրույցից հետո, տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի առանձին նիստ՝ նվիրված տարածաշրջանի անվտանգությանը։
Բրյուսելում Եվրոպական խորհրդի արտահերթ նիստի հիմնական թեման կլինի Եվրամիության 2028–2034 թվականների բյուջեն։ Օրակարգով նախատեսված են նաև Եվրախորհրդարանին առնչվող հարցերի կարճ քննարկում և Եվրոպական կենտրոնական բանկի վերաբերյալ քննարկում։