Ռուսաստանում «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի գործով շուրջ 7 մլրդ ռուբլու գույք կբռնագրավվի

ՌԴ Իվանովոյի մարզային դատարանը ծայրահեղական է ճանաչել և արգելել 36 անձից բաղկացած միավորման գործունեությունը։ Միավորման անդամները վերահսկել են մարզում ուղևորափոխադրումները և զբաղվել անտառահատումներով, հայտնել է Իվանովոյի մարզի դատարանների մամուլի միասնական ծառայությունը, փոխանցում է rbc–ն։

Մամուլի ծառայության տվյալներով՝ այդ միավորումը գործել է 1990-ական թվականներից։ Դրա ղեկավարների թվում են եղել այսպես կոչված «օրենքով գող» Ռուբեն Քոսյանը, «պոլոժենեց» (քրեական աշխարհի հեղինակավոր անձ, որը վերահսկում է որոշակի տարածք) Դենիս Կարտաշովը և 2016 թվականին սպանված «Սլավյանսկիե» կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար Եվգենի Խոլոշան։

«Նրանց ղեկավարությամբ գործող միավորումը հավատարիմ էր Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշմամբ արգելված միջազգային հասարակական շարժման՝ «Арестантское уголовное единство» գաղափարախոսությանը, կարգին, կանոններին և ավանդույթներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Դատարանում նշել են, որ միավորման անդամները բազմիցս քրեական պատասխանատվության են ենթարկվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Դրանց թվում են եղել «հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաղեցնելը», ծայրահեղական կազմակերպության գործունեության կազմակերպումը և ծայրահեղական գործունեության ֆինանսավորումը։

Ինչպես հետևում է վարչական հայցից, միավորման անդամները զբաղվել են շորթումներով, կողոպուտներով և ավազակային հարձակումներով, ինչպես նաև տնտեսական ազդեցության ոլորտների վերաբաշխմամբ։ 2013 թվականին նրանք վերահսկողություն են հաստատել Իվանովոյի մարզում ուղևորափոխադրումների նկատմամբ և տիրացել «Իվանովսկոյե արտադրական միավորում ավտոկայանների և ուղևորային ավտոկայանների» ԲԲԸ-ին ու «Ավտովոկզալ-Իվանովո» ԲԲԸ-ին։ Հետագայում միավորումը վերահսկողություն է հաստատել նաև անտառահատումների ոլորտում։

Միավորումը ծայրահեղական ճանաչելու և դրա գործունեությունն արգելելուց բացի, դատարանը որոշել է նաև պետական եկամուտ դարձնել դրա անդամների գույքը։ Դատարանին ներկայացված հաշվարկի համաձայն՝ բռնագրավման ենթակա ակտիվների արժեքը գերազանցում է 7 միլիարդ ռուբլին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *