«Ժողովուրդ». Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Զինվորական շրջանակներում «50» մականունով հայտնի Կարեն Գրիգորյանը երկար տարիներ ծառայել է Պաշտպանության բանակում և Հայաստանի զինված ուժերում։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նրա կենսագրությունն ու 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք է նա հայտարարագրել։

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1973 թվականի հունիսի 14-ին։ Սովորել է Երևանի պետական համալսարանում, սակայն ուսումը կիսատ է թողել և մասնակցել Արցախյան առաջին պատերազմին։ 1994 թվականից Պաշտպանության բանակում զբաղեցրել է սպայական տարբեր պաշտոններ՝ դասակի հրամանատարից մինչև զորամասի հրամանատար։

2014-2015 թվականներին ղեկավարել է Հադրութի զորամասը, իսկ 2015 թվականից՝ «Մարտունի 3» զորամասը։ Մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։ 2022 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության պետ։ Իսկ 2024 թվականի փետրվարի 14-ին նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Գրիգորյանի 2025 թվականի հայտարարագիրը և արձանագրեց, որ տարվա վերջում նրա անունով հայտարարագրված է մեկ անշարժ գույք՝ հողամաս։ Այն գտնվում է Կոտայքի մարզի Նաիրի համայնքում։ Գույքը ձեռք է բերվել 2024 թվականի մայիսի 29-ին՝ գնման եղանակով, իսկ Գրիգորյանին պատկանում է դրա 1/2 բաժինը։ Հայտարարագրում հողամասի մակերեսն ու հաշվառման համարը նշված են որպես պաշտպանված տվյալներ։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի ընթացքում նա անշարժ գույք չի ձեռք բերել կամ օտարել։ Այսպիսով՝ տարվա սկզբի և վերջի դրությամբ հայտարարագրված անշարժ գույքը նույնն է մնացել։

Տրանսպորտային միջոց․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ հայտարարագրում տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոցների շարքում նշված է 1988 թվականի արտադրության SAZ մակնիշի բեռնատար՝ բեռնաուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց։ Այն ձեռք է բերվել 2017 թվականի ապրիլի 11-ին։ Սակայն տարվա վերջում առկա տրանսպորտային միջոցների բաժնում տվյալներ ներկայացված չեն։

Եկամուտ․

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև գեներալ-մայորի եկամուտները։ 2025 թվականի ընթացքում նա աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացել է 21 մլն 998 հազար 718 դրամ։

Դրամական միջոցներ․

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի տարեվերջին Կարեն Գրիգորյանի երեք բանկային հաշիվներում առկա է եղել ընդհանուր 14 մլն 587 հազար 412 դրամ։ Մասնավորապես, մեկ հաշվի մնացորդը կազմել է 10 մլն 187 հազար 412 դրամ, երկրորդինը՝ 4 մլն 400 հազար դրամ, իսկ երրորդ հաշվի մնացորդը զրոյական է եղել։

Բացի բանկային հաշիվներից՝ Գրիգորյանը հայտարարագրել է նաև 18 մլն 700 հազար դրամ կանխիկ գումար։ Տարվա սկզբին նրա կանխիկ միջոցները կազմել են 25 մլն դրամ, այսինքն՝ տարվա ընթացքում նվազել են 6 մլն 300 հազար դրամով։

«Ժողովուրդ» օրաթերթը նաև արձանագրեց, որ հայտարարագրում բանկային ավանդների, հանձնված փոխառությունների, արժեթղթերի և կրիպտոարժույթի վերաբերյալ տվյալներ չկան։ Այսպիսով, 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Կարեն Գրիգորյանի հիմնական դրամական միջոցները եղել են բանկային հաշիվներում առկա գումարներն ու կանխիկ դրամը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *