ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի կալվածքում լրագրողների հետ Թրամփի զրույցի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։
Լրագրողը հարց է ուղղել Եվրոպայում ամերիկյան ուժերի տեղակայման և այդ տարածաշրջանում զորքերի թիվը նվազեցնելու մասին։ «Մենք դա մանրամասն քննարկել ենք», – ասել է Թրամփը։ Նա հիշեցրել է, որ դժգոհել է դաշնակիցներից Իրանի հարցում չօգնելու համար, սակայն Գրենլանդիայի շուրջ համաձայնությունից հետո փոխել է իր դիրքորոշումը։
Թրամփը նաև Ռյուտեին անվանել է «հրաշալի, ֆանտաստիկ ղեկավար»։
ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին երեկոյան Մար-ա-Լագոյում։ Համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Հաագայում և Անկարայում կայացած դաշինքի գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև պաշտպանական ծախսերի ավելացման հարցերը։