Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ ԲՀԿ ձայների գողությունը․ Իվետա Տոնոյան

Հիմա Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ բացարձակ միակողմանի երթևեկության սկզբունքով է առաջնորդվում իշխանությունը, որովհետև նորից, ևս մեկ անգամ կրկնվելով պետք է ասեմ՝ ընդդիմադիր բոլոր առանցքային քաղաքական ուժերի առաջնորդները կալանավորված են, և նաև այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ պատգամավորության թեկնածուներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, նաև ընտրական գործընթացի կազմակերպիչներ, բոլորը կալանավորված են՝ տնային կալանք, կալանք և այլն․ այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը։

«Թե ինչպես քաղաքական կուսակցություններն առաջնորդների կալանավորված լինելու լինելու պայմաններում կնախապատրաստվեն և կմասնակցեն ընտրական գործընթացներին, կարծում եմ՝ այս պահին դեռ բավականին վաղ է այդ մասին խոսելը։ Բնականաբար, եթե մենք խոսում ենք, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, միանշանակ է, որ Գագիկ Ծառուկյանի անազատության մեջ գտնվելու պայմաններում շատ բարդ է լինելու այդ գործընթացներին նախապատրաստվելը և մասնակցելը»,- ասաց նա։

Այս պահին, ըստ նրա, կուսակցությունն ունի առաջնահերթություն․ «Դա Գագիկ Ծառուկյանի ազատությունն է, պայքարն արդարության համար շարունակելը և վերջնարդյունքի հասնելը, իսկ մնացած իրադարձությունների մասին արդեն հաջորդիվ կփորձենք խոսել»։

Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին․ «Բոլորս ենք ականատես եղել, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ է տեղի ունեցել ԲՀԿ ձայների գողությունը և մի ամբողջ խորհրդարանական խմբակցության գողությունը։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայությունն Ազգային ժողովում ամբողջությամբ փոխում էր դասավորվածությունը և համապատկերը գործող խորհրդարանի, հենց այդ պատճառով էլ այդ տարրական գողությունը տեղի ունեցավ»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *