Ցավի բժշկությունը՝ որպես գիտական և կլինիկական առանձին ուղղություն


Հայաստանում ցավի բժշկությունը՝ որպես գիտական և կլինիկական առանձին ուղղություն զարգացնելու, բժիշկների մասնագիտական գիտելիքները հարստացնելու և քաղաքացիների առողջապահական կրթությունը խթանելու նպատակով դեկտեմբերի 4-6-ը Երևանում կանցկացվի Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակում նույն ժամանակահատվածում կանցկացվի նաև Ցավի բժշկության հայկական միջազգային համագումարը։

Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեցին միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները։

Ցավի բժշկության ազգային ասոցիացիայի և Ցավի բժշկության հայկական միջազգային համագումարի հիմնադիր նախագահ, բ.գ.թ., նյարդաբան Ավետիս Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում անհրաժեշտ է ձևավորել ցավի բժշկության ուղղություն՝ զարգացնելով այն որպես գիտություն և կլինիկական պրակտիկա, ինչպես նաև ստեղծելով համապատասխան ֆորմալ կրթության հնարավորություն։

Նրա խոսքով՝ ցավի բժշկությունը ներառում է տարբեր մասնագիտությունների բժիշկների աշխատանքը, իսկ քրոնիկական ցավ ունեցող մարդկանց բուժումը պահանջում է մասնագիտացված մոտեցում։ Համագումարի նպատակն է Հայաստանում մեկնարկել ցավի բժշկության զարգացումը՝ այդ ուղղությամբ միջազգային փորձն ու գիտելիքները հայ բժիշկներին փոխանցելու միջոցով։

Այդ նպատակով Հայաստան կժամանեն մի շարք միջազգային փորձագետներ, որոնք իրենց փորձը կկիսեն հայ մասնագետների հետ։

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի գիտական ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Սամսոն Խաչատրյանի խոսքով՝ ցավը մարդու կյանքի որակի վրա ազդող կարևոր գործոններից է, իսկ ցավի բժշկությունը վերաբերում է բժշկական գրեթե բոլոր մասնագիտություններին։ Նրա դիտարկմամբ՝ յուրաքանչյուր բժիշկ իր մասնագիտության շրջանակում պետք է գիտելիքներ ունենա ցավի բժշկության վերաբերյալ։ Միաժամանակ, բժշկական կրթությունից բացի, կարևոր է նաև այն հարցը, թե ինչպես ապահովել մարդկանց հնարավորինս ցավազուրկ կյանքը։ Խաչատրյանի խոսքով՝ շատ մարդիկ ապրում են քրոնիկական ցավով, որն էականորեն ազդում է նրանց կյանքի որակի վրա։

Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդեսի տնօրեն Արմեն Նիազյանի խոսքով՝ միջոցառումն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ և նախատեսված է ինչպես առողջապահության ոլորտի մասնագետների, այնպես էլ քաղաքացիների համար։ Ցուցահանդեսի թիրախային լսարաններից մեկը բժիշկներն են, որոնց համար այն նոր գիտելիքներ և միջազգային փորձ ձեռք բերելու հնարավորություն է։

Մյուս կարևոր ուղղությունը քաղաքացիների առողջապահական կրթությունն է։ Նիազյանի խոսքով՝ ցուցահանդեսի նպատակն է, որ այցելուները ոչ միայն ծանոթանան առողջապահական ծառայություններին, այլև նոր գիտելիքներով հեռանան միջոցառումից։ Նա կրթական բաղադրիչը բնորոշել է որպես ցուցահանդեսի «ողնաշար»՝ ընդգծելով, որ այն նախատեսված է նաև բոլոր քաղաքացիների համար։

Ցուցահանդեսին կներկայացվեն կլինիկաներ, լաբորատորիաներ և առողջապահական ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ։ Քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար այցելել ցուցահանդես, շրջել տաղավարներով, ծանոթանալ առողջապահական ծառայություններին և ստանալ անվճար բժշկական խորհրդատվություն։

Նիազյանի խոսքով՝ միջոցառումը նաև հարթակ է առողջապահական ոլորտի կազմակերպությունների և սարքավորումներ ներմուծող ընկերությունների միջև համագործակցության զարգացման համար։ Ցուցահանդեսին հետաքրքրություն են ցուցաբերում նաև Ռուսաստանից, Չինաստանից, Դուբայից և Հնդկաստանից ժամանող բուժաշխատողներ ու կլինիկաների տնօրեններ, որոնք ցանկանում են ծանոթանալ Հայաստանում առողջապահական ոլորտի զարգացումներին։

Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև «100 հարց բժշկության մասին» գրքի շնորհանդեսը։ Գրքի հեղինակներն են Ավետիս Ավետիսյանն բ.գ.դ., պրոֆեսոր Միհրան Նազարեթյանը։ Գիրքը հրատարակվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

Հայկական միջազգային առողջապահական ցուցահանդեսը և Ցավի բժշկության հայկական միջազգային համագումարը կանցկացվեն դեկտեմբերի 4-6-ը Երևանում։

Շողեր Ղլիջյան

 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *