
Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության՝ «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը հայտարարել է, որ Իրանի կողմից քիմիական զենքի ծրագրի զարգացումը չափազանց մեծ սպառնալիք է ներկայացնում և կարող է Իսրայելից պահանջել միակողմանի գործողությունների դիմել։ Սակայն իսրայելական զինվորականները չեն աջակցել նրա դիրքորոշմանը։ Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է Ynet-ը։
«Անվտանգության հարցերով վերջին խորհրդակցություններին Գոֆմանի դիրքորոշմանը ծանոթ անձանց խոսքով՝ նա կարծում է, որ հետագա ձգձգումը Իրանին թույլ կտա ձեռք բերել այնպիսի հնարավորություններ, որոնք կբարդացնեն սպառնալիքի չեզոքացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրների հաղորդմամբ՝ «Մոսադի» ղեկավարը և Իսրայելի ռազմական հետախուզությունը համակարծիք են Իրանից բխող սպառնալիքների գնահատման հարցում։ Սակայն Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը, թեև աջակցում է Իրանի ուղղությամբ նոր հարված հասցնելու գաղափարին, չի համարում, որ վտանգն անխուսափելի բնույթ է կրում։ Զամիրն առաջարկել է սպասել Իրանի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը և ռազմական գործողությունն իրականացնել ԱՄՆ-ի հետ համատեղ։
Ynet-ի տեղեկություններով՝ իսրայելցի զինվորականները կարծում են, որ Իսրայելը կարող է գործել միակողմանիորեն, սակայն միայն անմիջական սպառնալիքի առկայության դեպքում։
Նոյեմբերի սկզբին The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ Իսրայելն ԱՄՆ-ին և Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է, թե Իրանի իշխանությունները դիտարկում են քիմիական զենք կիրառելու հնարավորությունը։