Հագուստի համաշխարհային արտադրողները, այդ թվում՝ H&M-ը և Inditex-ը (Zara ապրանքանիշի սեփականատերը), Բանգլադեշում կարի ֆաբրիկաների աշխատողների բողոքի ակցիաների ֆոնին արտադրությունը տեղափոխում են Ասիայի այլ երկրներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոլորտի ներկայացուցիչներին։
Նշվում է, որ արտադրողները Բանգլադեշից այլ երկրներ են տեղափոխել ամսական պատվերների շուրջ 10%-ը։ Նոյեմբերի 1-ից 18-ն ընկած ժամանակահատվածում տեղափոխված պատվերների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 254 միլիոն դոլար։ Պատվերների ճնշող մեծամասնությունն ուղղվել է հարևան Հնդկաստան, իսկ մնացած մասն ընդունել են Ինդոնեզիայի, Կամբոջայի և Վիետնամի ֆաբրիկաները։ Բանգլադեշի հագուստ արտադրողների և արտահանողների ասոցիացիայի տվյալներով՝ աշխատողների բողոքի ակցիաների պատճառով ոլորտն արդեն ավելի քան 400 միլիոն դոլարի կորուստ է կրել։
Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ աշխատավարձերի աճը, էներգիայի պակասը և քաղաքական խնդիրները Բանգլադեշը դարձրել են արտադրողների համար ավելի քիչ գրավիչ, մինչդեռ նախկինում երկիրը համարվում էր արտադրության համար շահավետ՝ ցածր ծախսերի պատճառով։ Արտադրողներին առավելապես մտահոգում է այն հանգամանքը, որ պատվերների տեղափոխումը կարող է հանգեցնել ապագա պատվերների կորստի, քանի որ գնորդները կարող են նախընտրել ավելի կայուն մատակարարների։ Բացի այդ, Բանգլադեշում արտադրված հագուստի մատակարարման ժամկետներն ավելի երկար են, քան Ասիայի մյուս երկրների դեպքում։