Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հաջողությամբ տարել է աքիլեսյան ջլի վերականգնման վիրահատությունը և ապաքինվում է իր՝ Գրեյսի Մենշն նստավայրում։ Այս մասին ուրբաթ հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Ջո Կալվելոն, փոխանցում է NBC News-ը։
Վիրահատությունը սկսվել է մոտավորապես ժամը 11։30-ին և տևել շուրջ 70 րոպե։ Կալվելոյի խոսքով՝ Մամդանին դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ հանգստանում է տանը։ Ակնկալվում է, որ քաղաքապետը վնասվածքից հետո լիովին կապաքինվի։
Նրա ապաքինման ընթացքում քաղաքային վարչակազմի ամենօրյա աշխատանքը ղեկավարում է քաղաքապետի առաջին տեղակալ Դին Ֆուլեյհանը։
Մամդանին աքիլեսյան ջիլը վնասել է անցյալ շաբաթ՝ քաղաքապետարանի աշխատակիցների և քաղաքային վարչակազմի աշխատանքը լուսաբանող լրագրողների միջև ֆուտբոլային ընկերական հանդիպման ժամանակ։ Խաղի ընթացքում քաղաքապետը գոլ է խփել։
Նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսին Մամդանին ներկայացել է հենակներով։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ խաղից առաջ նախավարժանք չի արել և հաշվի չի առել իր տարիքը։
«Մոռացել էի, որ 35 տարեկան եմ, և դրանից կարճ ժամանակ անց պատռեցի աքիլեսյան ջիլս», — ասել է նա։ Քաղաքապետի խոսքով՝ ինքը պետք է վեցից ութ շաբաթ օրթոպեդիկ կոշիկ կրի, իսկ ֆուտբոլ խաղալուն հույս ուներ վերադառնալ մոտ ինն ամիս անց։
Վիրահատությունից առաջ Մամդանին նաև խոստովանել է, որ անհանգստանում է, քանի որ դա իր առաջին վիրահատական միջամտությունն էր լինելու։
Հետվիրահատական ապաքինման պատճառով քաղաքապետը բաց կթողնի Գոհաբանության օրվան նվիրված Macy’s-ի մայրաքաղաքային շքերթը, որն այս տարի տեղափոխվել է շաբաթ օր։