Իրանը Բեհջաթաբադի շրջանում՝ Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտների միջև, արագ տեմպերով ամրացված ստորգետնյա համալիր է կառուցում։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Վաշինգտոնի Գիտության և միջազգային անվտանգության ինստիտուտը (ISIS)՝ նոր արբանյակային լուսանկարների ուսումնասիրության հիման վրա։
Ինստիտուտի տվյալներով՝ համալիրը կառուցում են լեռնազանգվածի ներսում՝ Սպահանի միջուկային կենտրոնից և Նաթանզի մոտ գտնվող Փիքեքս լեռից մոտ 62 կմ հեռավորության վրա։ Փիքեքսում նույնպես ստորգետնյա աշխատանքներ են ընթանում։ Փորձագետների գնահատմամբ՝ Բեհջաթաբադում շինարարությունն անսովոր արագ է ընթանում՝ Իրանի նմանատիպ մյուս կառույցների համեմատ։
«Vantor Technologies»-ի տրամադրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս աշխատանքների ընթացքը՝ 2025-ի վերջից սկսած։ Դեկտեմբերի 7–12-ը շինարարները մաքրել են տարածքը, իսկ 2026-ի հունվարին ճանապարհ են բացել դեպի ապագա թունելները։
Ապրիլին արևելյան հատվածում արդեն շինարարություն էր ընթանում, և լուսանկարներում երևում էին դուրս բերված հողի մեծ կույտեր։ Հունիսին շինարարները սկսել են արևմտյան կողմից փորել թունելների երկրորդ հատվածը։
Նոյեմբերի 24-ի լուսանկարներում երևում են թունելների չորս բաց մուտքեր և ևս մեկը, որն, ըստ վերլուծաբանների, փակել են հողով։ Շինարարները սկսել են նաև արտաքին պաշտպանիչ պարսպի կառուցումը։ Ինստիտուտի հաշվարկով՝ շինարարության ավարտից հետո պահպանվող տարածքը կզբաղեցնի մոտ 5 հազար հեկտար։
Համալիրի նպատակը դեռ պարզ չէ։ ISIS-ի գնահատմամբ՝ տեղադիրքը, անվտանգության խիստ միջոցներն ու շինարարության տեմպերը հուշում են ռազմական նշանակության մասին։ Այն կարող է նախատեսված լինել, օրինակ, հրթիռներ կամ այլ խոշոր զինատեսակներ պահելու համար։
Սակայն փորձագետները նշում են, որ վերջնական եզրակացության համար տվյալները բավարար չեն։ Իրանի միջուկային ծրագրի հետ համալիրի կապը դեռ ապացուցված չէ։
Շինարարությունն ընթանում է 2025-ի հունիսին իրանական օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո։ Այդ հարվածներից հետո Իրանի ստորգետնյա ենթակառուցվածքները հայտնվել են հատուկ ուշադրության կենտրոնում։
Նման կառույցները պաշտպանում են ռազմական և հնարավոր միջուկային օբյեկտները օդային հարվածներից։ Սակայն միայն այս լուսանկարները չեն ապացուցում, որ համալիրը նախատեսված է միջուկային նյութեր արտադրելու կամ պահելու համար։
Ինստիտուտը խոստացել է առաջիկայում հրապարակել նոր արբանյակային լուսանկարներ և ավելի մանրամասն վերլուծություն։