Իսպանիայի Կանարյան կղզիների ափերի մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դի։ Նրանք գտնվել են նավակում, որում մոտ 100 մարդ է եղել։ Նավակը փրկել են Ատլանտյան օվկիանոսում, սակայն մի քանի մարդ մահացել է, իսկ վեցը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել է իսպանական EFE լրատվական գործակալությունը։
Ծովային փրկարար ծառայության տվյալներով՝ սկզբում նավակում հայտնաբերել են ութից տասը դի։ Ավելի ուշ EFE-ն հայտնել է, որ ափ են տեղափոխել 14 զոհի դի։ Նավակը հայտնաբերել են Էլ Հիերո կղզուց 39 ծովային մղոն (մոտ 72 կիլոմետր) հարավ։ Այն քարշակել են Լա Էստակա նավահանգիստ։
Վտանգավոր ճանապարհորդությունը վերապրած ևս 84 մարդ մեկ այլ նավակից ափ է իջել Էլ Հիերոյի Լա Ռեստինգա նավահանգստում։ Այնտեղ գործում են միգրանտների ընդունման կենտրոն և դաշտային հոսպիտալ, որտեղ օգնություն են ցուցաբերում կղզի ժամանողների մեծ մասին։
Ողբերգությունը տեղի է ունեցել Կանարյան կղզիներ ժամանող միգրանտների թվի կտրուկ աճի պայմաններում՝ Իսպանիայում համընդհանուր ընտրություններից երկու օր առաջ։ Այդ ընտրություններում միգրացիոն քաղաքականությունը դարձել է նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։
Նոյեմբերի 25-ին կղզեխումբ ժամանած միգրանտների թիվը մեկ օրում հասել է ռեկորդային՝ 2 100-ի։ Նրանց մեծ մասն ուղղվել է Էլ Հիերո, որի բնակչությունը կազմում է մոտ 11,4 հազար մարդ։ Հոկտեմբերից ժամանողների հոսքը զգալիորեն աճել է՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծելով տեղական ծառայությունների համար։
«Մեծ ցավ և անզորության զգացում՝ այս նոր ողբերգության առջև», — X սոցիալական ցանցում գրել է Կանարյան կղզիների տարածաշրջանային կառավարության ղեկավար Ֆեռնանդո Կլավիխոն։ Նա Իսպանիայի կառավարությանը և Եվրոպական հանձնաժողովին կոչ է արել միջոցներ ձեռնարկել։
Նրա խոսքով՝ հումանիտար ճգնաժամը սկսվում է ոչ թե Էլ Հիերոյում, այլ Սենեգալի և Գամբիայի ափերի մոտ, որտեղ անհրաժեշտ է գործել՝ միգրանտների վտանգավոր անցումները կանխելու համար։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է գալիս ներգաղթի տնտեսական առավելությունների ճանաչման օգտին։ Նախընտրական հարցումներում առաջատար դիրքեր զբաղեցնող աջ քաղաքական ուժերը, ընդհակառակը, պահանջում են զգալիորեն խստացնել միգրացիոն վերահսկողությունը։