Տարիներ շարունակ Ռուբեն Հովակիմյանի ամենօրյա զբաղմունքը մուրացկանությունն է։ Նրա մշտական տեղը Գյումրիի Ռիժկովի ճեմափողոցն է։ Տարվա բոլոր եղանակներին՝ անկախ եղանակային պայմաններից, 61-ամյա տղամարդուն կարելի է տեսնել նույն վայրում։
Ձմռան ամիսներին նա փողոցում մնում է մինչև ժամը 18։00-ն, իսկ ամռանը՝ մի փոքր ավելի ուշ։ Ռուբեն Հովակիմյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ օրվա ընթացքում կարողանում է հավաքել շուրջ 2 հազար դրամ։ Այդ գումարը, իր և կնոջ ստացած թոշակների հետ միասին, հազիվ բավարարում է առօրյա կարիքները հոգալու համար։
«61 տարեկան եմ, չեմ կարողանում շարժվել, մուրացկանություն եմ անում, որ թոշակի հետ յոլա գնանք»,- պատմում է Ռուբենը։
Տղամարդու խոսքով՝ առողջական խնդիրներն են իրեն հասցրել այս վիճակին։ Դրա հետևանքով նա դժվարանում է տեղաշարժվել և ստիպված է ամեն օր փողոց դուրս գալ՝ մարդկանց օգնությամբ ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար։
Ռուբեն Հովակիմյանը մեկ դուստր ունի, սակայն վերջինս ապրում է արտերկրում և, տղամարդու խոսքով, ծնողներին չի օգնում։ Այս պայմաններում ամուսինները ստիպված են իրենց ուժերով հոգալ առօրյա ծախսերը՝ ապավինելով թոշակին և անցորդների տված գումարին։
Տարիներ շարունակ նույն փողոցում, նույն տեղում Ռուբենը սպասում է անցորդների օգնությանը։ Նրա համար փողոց դուրս գալը ոչ թե ընտրություն է, այլ գոյատևելու անհրաժեշտություն։
Մանրամասները` տեսանյութում։