Հայաստանում վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է նոր կենսաչափական անձնագրերի էջերին պատկերված Խոր Վիրապի վանքի տեսարանը, որտեղից բացակայում է հայ ժողովրդի խորհրդանիշ Արարատ լեռը:
Այս թեմային իր ինքնատիպ ու հայրենասիրական անդրադարձն է կատարել դերասան և պրոդյուսեր Գրիգոր Դանիելյանը: Դերասանը սոցիալական հարթակներում հրապարակել է Արարատ լեռան գեղեցիկ պատկերը՝ կից կատարելով կարճ, բայց շատ բնութագրական մակագրություն, որը շատերը ընկալել են որպես հստակ դիրքորոշում վերջին փոփոխությունների վերաբերյալ:
«Մեր սեփական Մասիսը ուրիշ է…»,- գրել է Գրիգորը՝ շեշտելով լեռան նշանակությունը յուրաքանչյուր հայի համար։
Հանրային դժգոհության ալիքը բարձրացավ այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նոր նմուշի անձնագրերում Խոր Վիրապի վանքը պատկերված է այնպիսի ռակուրսից, որից Աստվածաշնչյան Արարատը պարզապես տեսանելի չէ։ Շատ քաղաքացիներ և մշակութային գործիչներ սա որակել են որպես ազգային խորհրդանիշներից հրաժարվելու փորձ, ինչը հանգեցրել է բացասական արձագանքների լայն շրջանակի։
Գրիգոր Դանիելյանի հրապարակման տակ հարյուրավոր հետևորդներ իրենց համերաշխությունն են հայտնել դերասանին։ Մեկնաբանություններում մարդիկ նշում են, որ անկախ նրանից, թե ինչ պատկերված կլինի փաստաթղթերում, Արարատը միշտ մնալու է հայի ինքնության անբաժանելի մասը։