
Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը շարժվում է դեպի Կարմիր ծովի հարավ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը։
«Շառլ դը Գոլ» ավիակիրը և նրան ուղեկցող նավերը չորեքշաբթի օրը՝ մայիսի 6-ին, անցնում են Սուեզի ջրանցքով՝ շարժվելով դեպի Կարմիր ծովի հարավային հատված», – մեջբերում է TF1 հեռուստաալիքը։
Ինչպես նշում է Le Figaro-ն, ավիակիրի տեղակայումը տեղի է ունենում Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման համար միջազգային առաքելության պլանավորման ֆոնին, որը կարող է գործարկվել, երբ հանգամանքները թույլ տան:
Միևնույն ժամանակ հրապարակման մեջ, հղում անելով Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբին, նշվում է, որ «ավիակիր հարվածային խմբի տեղաշարժը կապված չէ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հետ և կրում է զուտ պաշտպանական բնույթ»։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզը պատրաստ է իր որոշ նավեր տրամադրել, որոնք առաքելություններ են իրականացնում Միջերկրական և Կարմիր ծովերում՝ առևտրային նավերը Հորմուզի նեղուցով ուղեկցելու համար։