Հայաստանում կա պատերազմի կուսակցություն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»․ Վարդանյան

Հայաստանում կա պատերազմի կուսակցություն՝ դա իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Այս մասին մայիսի 7-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

««Ժողովրդավարության բաստիոնում» ամենաշատ ընդդիմադիր պատգամավորներն են զրկված անձեռնմխելիությունից, հետապնդումների են ենթարկվում ժողովրդի կողմից ընտրված համայնքների ղեկավարները», – հայտարարել է պատգամավորը։ Միաժամանակ նա ընդգծել է իշխող ուժի և իր ներկայացրած ընդդիմադիր ուժի տրամագծորեն հակադիր արժեքները. «Մենք ձեզնից 180 աստիճան տարբեր ցուցակ ունենք. մեզ մոտ հող հանձնողներ չկան, կան պաշտպանողներ, մեր ցանկում մարդու վրա թքող չկա (նկատի է առնվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը), չկա մարդ, որ այս ամբիոնից պատրաստ լինի հայտարարել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող որևէ ադրբեջանական տարածքների մասին, չկա մարդ, որ հայտարարի, թե Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Եվ մենք հպարտանում ենք դրանով։ Իսկ դուք մտածեք՝ ինչպիսին կմնաք պատմության մեջ», – զգուշացրել է պատգամավորը։

Ըստ նրա՝ Հայաստանում իշխող ուժի նարատիվներն օգտագործվում են Ադրբեջանում։ «Դուք երբեք չեք բարձրացրել Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարցը, թեև այնտեղ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ են պարունակվում։ Ընդհանրապես Ադրբեջանի սահմանադրությունը ենթադրում է 114 հազար քառ. կմ։ Ծիծաղելին այն է, որ այն տարածքի վրա, որի հիման վրա դուք ճանաչել եք Ադրբեջանը, նա ինքն իրեն չի ճանաչում։ Դուք երբեք դրա մասին չեք խոսել, չեք ասել, որ դա Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ է, չեք պահանջել փոխել։ Եվ ի՞նչ։ Ադրբեջանը դադարե՞ց Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջ ներկայացնել։ Հարցը երկկողմանիորեն փակվե՞ց։ Իսկ եթե դուք խոսեիք ու պահանջեիք հայելային կերպով չեզոքացնել հարցերը, այլ կլիներ։ Այսինքն՝ երբ խոսում ես քո իրավունքների մասին, կարող ես պաշտպանել քեզ։ Եվ այդպես բոլոր հարցերում։ Չե՞ք ուզում, որ Ադրբեջանը խոսի այստեղ ադրբեջանցիներին վերաբնակեցնելու մասին, պատրաստեք փաթեթ Բաքվում և Սումգայիթում ապրած ու ջարդերի ենթարկված հայերի մասին։ Այն, ինչ դուք անում եք, ջայլամի քաղաքականություն է։ Գլուխը ավազի մեջ թաքցնել, հետո զարմանալ Բաքվի գործողություններից», – իշխող կուսակցությանը մեղադրել է Վարդանյանը։

Եզրափակելով՝ նա նշել է, որ «ՔՊ»-ի հռետորաբանությունը բոլորովին չի համապատասխանում այն ուժին, որը, իբր, ունի բնակչության 60-70 տոկոսի աջակցությունը։ Պատերազմի սպառնալիքն այլևս չի գործում, արձանագրել է պատգամավորը՝ նշելով, որ փոխել է իր տեսակետը՝ այն մասին, թե Հայաստանում պատերազմական կուսակցություն չկա։ «Եթե  Հայաստանում կա պատերազմի եռագլուխ դև՝ դա Փաշինյան-Էրդողան-Ալիև պատերազմ եռագլուխ դևն է», – հայտարարել է Վարդանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *