Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը գտնվում է երկկողմ հարաբերությունների օրակարգում, քանի որ Աստանան չափազանց շահագրգռված է Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղիների զարգացմամբ։ Դրա մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ղազախստանի ԱԳՆ-ին առընթեր Արտաքին քաղաքական հետազոտությունների ինստիտուտի վարչության նախագահի տեղակալ Մանարբեկ Կաբազիևը։
Փորձագետն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական մրրկայնության պայմաններում առանձնակի արդիականություն է ստանում Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչը լրացուցիչ հնարավորություններ է բացում եվրասիական երթուղիները նոր տարածաշրջանային նախաձեռնությունների հետ համակցելու համար։
Հարցազրույցի ընթացքում Կաբազիևը նշել է, որ Ղազախստանն ու Հայաստանը ձգտում են հարաբերությունները դուրս բերել ռազմավարական մակարդակի, և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը շփման հիմնական կետերից մեկն է։ Նա հաստատել է, որ երկաթուղիների կառավարման հարցն ուղղակիորեն կապված է TRIPP նախագծի և շուկաներին հասանելիությունն ընդլայնելու համար լոգիստիկ խոչընդոտները նվազեցնելու Աստանայի ցանկության հետ։
«Իհարկե, Ղազախստանը շատ ուժեղ շահագրգռված է դրանում, ուստի կարծում եմ, որ, սկզբունքորեն, մենք նման լավ հնարավորություն ունենք»,– հայտարարել է ղազախական փորձագիտական համայնքի ներկայացուցիչը։ Ըստ նրա՝ նման նախագծերի իրականացումը հնարավորություն կտա ուժեղացնել Հայաստանի դերը՝ որպես կարևոր տրանսպորտային հանգույց «Հյուսիս-Հարավ» և «Արևմուտք-Արևելք» երթուղիների խաչմերուկում։
Պատասխանելով այդ նախաձեռնության պատճառով Մոսկվայի հետ հարաբերություններում հնարավոր բարդությունների մասին հարցին՝ Կաբազիևն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերը, որոնք տվյալ դեպքում կարող են համակցվել ընդհանուր մոտեցումների որոնման միջոցով։
Նա անդրադարձել է նաև Երևանի և Աստանայի միջև ջերմ հարաբերությունների թեմային ՀԱՊԿ-ում տիրող լարվածության ֆոնին՝ նշելով, որ երկկողմ երկխոսությունը կառուցվում է խոր վստահության և փոխըմբռնման վրա։ «Մեր երկկողմ հարաբերություններում, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում մենք միշտ ընդհանուր փոխըմբռնում ենք գտնում», – հավելել է նա՝ մատնանշելով համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար պետական մարմինների միջև ուղիղ շփումների կարևորությունը։