ԱՄՆ Սենատը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր լրագրողներ Սևինջ Վագիֆգիզիին և Ֆարիդ Մեհրալիզադեին, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում հալածանքների ենթարկվող լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների։
ԱՄՆ Սենատն ընդունել է բանաձև՝ նվիրված Մամուլի ազատության համաշխարհային օրվան, որն ամեն տարի նշվում է մայիսի 3-ին։
Մայիսի 5-ին սենատոր Բրայան Շատցի կայքում հրապարակված փաստաթղթում ընդգծվում է, որ ամբողջ աշխարհում աճում է մամուլի ազատությանն ուղղված սպառնալիքը, իսկ լրագրողները ձերբակալվում և հալածվում են ավտորիտար ռեժիմների կողմից։
Բանաձևում նշվում է նաև, որ մամուլի ազատության մակարդակն ամբողջ աշխարհում իջել է վերջին 25 տարվա ընթացքում ամենացածր կետին, ընդ որում՝ երկրների ավելի քան կեսը լրագրողների աշխատանքի համար «բարդ» կամ «շատ բարդ» է համարվում։ Ըստ փաստաթղթում բերված տվյալների՝ 2025 թվականի վերջի դրությամբ ամբողջ աշխարհի բանտերում գտնվել է ավելի քան 300 լրագրող։ Նրանց թվում կան Ադրբեջանի ներկայացուցիչներ։