Ալյասկայի Ատտու կղզու մոտ նոր ստորջրյա արշավի ընթացքում հնագետները հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի երկու խորտակված նավ՝ ճապոնական Kotohira Maru-ն և ամերիկյան SS Dellwood-ը։ Այս հայտնագործությունը լույս է սփռում պատերազմի ամենաքիչ հայտնի էջերից մեկի՝ Ալեուտյան արշավի վրա, որը պատմաբանները երբեմն անվանում են «Ալյասկայի մոռացված ճակատամարտ», հաղորդում է Popular Mechanics-ը
Ճապոնական Kotohira Maru տրանսպորտային նավը օգտագործվում էր Ալեուտյան կղզիները օկուպացրած զորքերին մատակարարումներ հասցնելու համար։ 1943 թվականի հունվարին այն խորտակվել է ամերիկյան B-24 ռմբակոծիչների կողմից։
Ավելի քան 80 տարի անց նավը հայտնաբերվել է գրեթե իդեալական վիճակում՝ մոտ 90 մետր խորության վրա․ կորպուսը կանգնած է ուղղահայաց, իսկ հատակին մինչ օրս երևում են բեռնախցիկների բացվածքները և հսկայական գոլորշային շարժիչը։
Երկրորդ նավն ավելի քիչ «հաջողակ» է եղել։ Ամերիկյան SS Dellwood նավը, որը վերափոխվել էր ստորջրյա մալուխներ անցկացնելու և բանակը մատակարարելու համար, 1943 թվականին բախվել է ստորջրյա ժայռի։ Վթարից հետո զինվորականները որոշել են պայթուցիկով ոչնչացնել նավի մնացորդները, որպեսզի այն չխանգարի նավարկությանը։
Այժմ հատակում ընկած է գրեթե հարթեցված մետաղական կմախք, որից պահպանվել են միայն սարքավորումների հատվածներ։
Հետազոտողները ընդգծում են, որ երկու նավերն էլ ուղղակիորեն չեն մասնակցել Ատտուի հայտնի ճակատամարտին, սակայն կարևոր վկայություններ են Ալյասկայի սառցե ջրերում ծավալված հսկայական ռազմական ենթակառուցվածքի մասին։
Հնագետների խոսքով՝ նման գտածոները օգնում են վերականգնել տարածաշրջանի պատմությունը, որը երկար ժամանակ մնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավելի հայտնի ճակատների ստվերում։