Հայաստանը՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ․ ինչպես օգտվել ԱԲ-ի տարբեր մոտեցումներից

Մայիսի 5-ին Երեւանում կայացած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովում ընդունված համատեղ հռչակագրի 21-րդ կետն ունի ռազմավարական նշանակություն։ Այն կոչ է անում կողմերին՝ ուսումնասիրել արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ համահունչ ԵՄ-ի ԱԲ օրենսդրությանը։ Դա ենթադրում է ԱԲ ոլորտում ազգային եւ եվրոպական նորմերի մերձեցում՝ ներառյալ թափանցիկության, էթիկայի, ռիսկերի կառավարման եւ մարդու իրավունքների պաշտպանության պահանջների համադրումը։

Հայաստանի համար սա կարեւոր է՝ եվրոպական միասնական թվային շուկային ինտեգրվելու համատեքստում։ Եթե հայկական ընկերությունները եւ հետազոտական կենտրոնները ԵՄ շուկայի համար կամ ԵՄ գործընկերների հետ մշակեն ԱԲ լուծումներ, ապա եվրոպական չափանիշներին համապատասխանությունը դառնում է նախապայման։

Խնդիրն այն է, սակայն, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի մոտեցումներն ԱԲ-ի նկատմամբ դեռեւս բավականին տարբեր են։ Եվրոպական քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես կարգավորիչ, իրավապաշտպան եւ զգուշավոր։ Բրյուսելը համարում է, որ որոշ ոլորտներում ԱԲ-ի կիրառումը պահանջում է օրենսդրական կարգավորում։ Այդ պատճառով ԵՄ-ի ԱԲ օրենքը կառուցված է ռիսկերի կառավարման վրա հիմնված մոդելի շուրջ․ որոշ կիրառություններ անգամ արգելվում են, իսկ զբաղվածության, կրթության, առողջապահության, ֆինանսների, արդարադատության, միգրացիայի, կրիտիկական ենթակառուցվածքների բնագավառներում ԱԲ համակարգերի կիրառումը թույլատրելի է միայն որոշակի պահանջների պահպանման դեպքում։ Այսպիսով, ԵՄ-ն որոշ բնագավառներում սահմանում է խաղի կանոններ, ինչը հանգում է վարչական եւ իրավական բեռի աճին։

Ամերիկյան մոտեցումն այլ է. այն կենտրոնացած է նորարարության, արագության, ենթակառուցվածքների զարգացման եւ տեխնոլոգիական առաջնորդության վրա։ ԱՄՆ-ն ձգտում է պահպանել իր առավելությունը մեծ մոդելների, հաշվողական հզորությունների, կիսահաղորդիչների, ամպային ենթակառուցվածքների եւ ԱԲ-ի առեւտրայնացման ոլորտներում։ Ամերիկյան տրամաբանությամբ՝ առաջնային է, որ հնարավոր կարգավորման մեխանիզմները չդանդաղեցնեն տեխնոլոգիական զարգացումը։ Թեեւ պետությունը պետք է հաշվի առնի ազգային անվտանգության, արտահանման վերահսկողության եւ այլ ռազմավարական հարցեր, սակայն հիմնական շեշտը դրվում է նորարարության եւ շուկայի վրա։

Հայաստանի համար ԱԲ քաղաքականության այս մոդելների տարբերությունները ստեղծում են ե՛ւ հնարավորություններ, ե՛ւ ռիսկեր։ Մի կողմից, ԵՄ-ի հետ համագործակցությունը կարող է նպաստել Հայաստանին՝ դառնալ առավել վստահելի եւ կանխատեսելի թվային գործընկեր։ Սա հատկապես կարեւոր է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական կառավարումը, ֆինանսական, կրթական, առողջապահության, իրավական համակարգերը, կիբեռանվտանգությունը եւ այլ հանրային զգայուն ուղղությունները։
Մյուս կողմից, եվրոպական կանոնների վաղաժամ եւ մեխանիկական տեղափոխումն ազգային ԱԲ էկոհամակարգ կխոչընդոտի ճյուղի զարգացմանը։ Ստարտափները եւ հետազոտական կենտրոնները կբախվեն բարձր նորմատիվ պահանջների հետ այն փուլում, երբ դեռ չեն հասցրել ստեղծել վերջնական արդյունք, ներգրավել ներդրումներ կամ դուրս գալ արտաքին շուկա։ Արդյունքում կձեւավորվի լրացուցիչ կարգավորիչ բեռ՝ եվրոպական շուկայի, փորձագիտական հմտության եւ կապիտալի բացակայության պայմաններում։
ԱՄՆ-ի հետ համագործակցությունը բացում է այլ հեռանկարներ։ Այն կարող է Հայաստանին ապահովել հասանելիություն առաջադեմ ենթակառուցվածքներին, հաշվողական հզորություններին, կիսահաղորդչային շղթաներին եւ ամպային հարթակներին։ Եթե Հայաստանը ցանկանում է լինել ոչ միայն ինժեներական ծառայություններ մատուցող, այլեւ ԱԲ արտադրանքների եւ ենթակառուցվածքների մշակման կենտրոն, սա չափազանց կարեւոր է։ Բայց այստեղ նույնպես կան ռիսկեր։ Ամերիկյան տեխնոլոգիական էկոհամակարգից չափազանց մեծ կախվածությունը կարող է մեծացնել Հայաստանի խոցելիությունն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական առաջնահերթությունների փոփոխությունների նկատմամբ։ Ուստի, ԱԲ-ի որոշ ուղղություններ, ունենալով երկակի նշանակություն, կպահանջեն քաղաքական շրջահայացություն եւ առանձին կարգավորում։

Հետեւաբար, Հայաստանը պետք է խուսափի եվրոպական եւ ամերիկյան մոդելների միջեւ պարզ ընտրությունից։ Խելամիտ ռազմավարությունն ԱԲ ոլորտում երկշերտ քաղաքականության ձեւավորումն է։ Առաջին շերտն իր տրամաբանությամբ պետք է մոտ լինի եվրոպականին։ Այն ոլորտներում, որտեղ ԱԲ-ն ազդում է քաղաքացիների իրավունքների, զբաղվածության, կրթության, առողջապահության, ֆինանսների, արդարադատության կամ պետական կառավարման վրա, պետք է գործեն խիստ կանոններ, որոնք կապահովեն թափանցիկություն, հաշվետվողականություն, ռիսկերի կառավարում, անձնական տվյալների պաշտպանություն եւ անկախ ստուգման հնարավորություն։ Երկրորդ շերտը պետք է հնարավորինս համապատասխանի ամերիկյան մոտեցմանը՝ երաշխավորելով նորարարություն եւ ճկունություն։ Հետազոտությունների, ստարտափների, վաղ փուլում գտնվող նախատիպերի, ենթակառուցվածքային նախագծերի եւ ցածր ռիսկային առեւտրային լուծումների համար կարգավորումը պետք է բացառվի, ինչը թույլ կտա ապահովել նաեւ ներդրողների համար գրավչությունը։ Գործնականում սա ենթադրում է մի քանի քայլ։

Առաջին․ Հայաստանը կարող է ընդունել ԱԲ-ի կարգավորման սեփական ռիսկակենտրոն շրջանակը, սակայն այն ներդնել աստիճանաբար։ Պետք է հստակ որոշել, թե որ ոլորտներն են Հայաստանի համար իրականում բարձրռիսկային, եւ որոնք պետք է մնան բաց փորձարկումների ու նորարարության համար։ Երկրորդ․ անհրաժեշտ է ներդնել կարգավորիչ եւ վերահսկվող փորձարկման ռեժիմներ՝ թվարկված սոցիալապես զգայուն, բարձրռիսկային եւ համակարգային նշանակություն ունեցող ԱԲ լուծումների համար։ Դրանց շրջանակում ընկերությունները, համալսարանները եւ պետական մարմինները կարող են փորձարկել նոր համակարգերը, մինչեւ դրանց լիարժեք գործարկումը՝ լիազոր կարգավորող մարմնի հետ համագործակցաբար։

Համապատասխան կարգավորումներ կարող է իրականացնել միջգերատեսչական մարմինը՝ թվային քաղաքականության, անձնական տվյալների պաշտպանության, կիբեռանվտանգության եւ համապատասխան ոլորտային կարգավորողների մասնակցությամբ։ Սա թույլ կտա վաղ փուլում չխեղդել նորարարությունը, միաժամանակ նախապես բացահայտել քաղաքացիների իրավունքների, անվտանգության եւ հանրային վստահության ռիսկերը։ Ցածրռիսկային եւ առեւտրային ԱԲ գործիքները պետք է զարգանան ազատ՝ առանց միջամտության։

Երրորդ․ ԵՄ ԱԲ օրենսդրական պահանջները հաշվի առնելով՝ անհրաժեշտ է գործարկել աջակցության ծրագրեր այն ազգային ընկերությունների համար, որոնք կողմնորոշված են դեպի եվրոպական շուկա։ Դրանք կօգնեն բիզնեսին՝ նախապատրաստվել ԵՄ պահանջներին՝ ճիշտ դասակարգել ռիսկերը, ձեւակերպել անհրաժեշտ փաստաթղթերը, կառուցել տվյալների կառավարում, ապահովել թափանցիկություն եւ համապատասխանություն եվրոպական չափանիշներին։

Չորրորդ․ Հայաստանը պետք է մշակի ռազմավարական հաշվողական ռեսուրսների կառավարման թափանցիկ քաղաքականություն։ Քանի որ ԱՄՆ-ի մասնակցությամբ երկրում ստեղծվում է խոշոր ԱԲ ենթակառուցվածք, ապա դրա հասանելիությունը պետք է լինի թափանցիկ եւ հստակ սահմանված։ Առաջնահերթությունը պետք է տրվի արտահանող ընկերություններին, համալսարաններին, ստարտափներին, հետազոտական կենտրոններին եւ հանրային նշանակության նախագծերին։

Հինգերորդ․ կարեւոր է առանձ­նացնել քաղաքացիական ԱԲ-ն, պետական ԱԲ-ն եւ երկակի նշանակության ԱԲ-ն։ Քաղաքացիական առեւտրային լուծումները պետք է զարգանան հնարավորինս ազատ։ Պետական ԱԲ-ն պետք է լինի առավել թափանցիկ եւ հաշվետու։ Իսկ երկակի նշանակության տեխնոլոգիաները կարգավորվեն ազգային անվտանգության, արտահանման վերահսկողության եւ ժողովրդավարական վերահսկողության պահանջներին համապատասխան։

Հռչակագրի 21-րդ կետը, ինչպես նշեցինք, մեզ համար պարունակում է ե՛ւ մարտահրավերներ, ե՛ւ հնարավորություններ։ Հետեւաբար, Հայաստանի ռազմավարական խնդիրն ազգային ԱԲ մոդելի ձեւավորումն է։ Այն պետք է միավորի թափանցիկության, պատասխանատվության եւ իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշները՝ արագության, ենթակառուցվածքների եւ նորարարության ամերիկյան կողմնորոշման հետ։ Այս համադրությունը թույլ կտա Հայաստանին՝ զարգացնել մրցունակ եւ գրավիչ ԱԲ էկոհամակարգ։

Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԳԽ պատգամավոր (1990-95 թթ.)
ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-99 թթ.)
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *