Այսօր Հայաստանի վրա կախված է նոր պատերազմի վտանգ. Լևոն Զուրաբյան

Այսօր Հայաստանի վրա կախված է նոր պատերազմի վտանգ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ–ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Դա Եվրոպական Միության և Ռուսաստանի, Ամերիկայի և Իրանի միջև պատերազմի՝ Հայաստանի վրա տարածման վտանգն է: Փաշինյանը գնում է շատ վատ ուղով, նա Հայաստանը ուզում է դարձնել արևմտա-արևելյան հակամարտության թատերաբեմ: Ինքը բռնել է շատ կոնկրետ կողմ, ըստ էության Հայաստանը հրավիրում է հիբրիդային պատերազմ։ Այ սա ամենամեծ վտանգն է, որովհետև մենք գիտենք ինչ է լինում այն երկրների հետ, որոնք հայտնվում են այդ վիճակում՝ Ուկրաինան, Մալին, Աֆրիկայի Սախելի մի քանի երկրներ։

Մենք այսօր Հայաստանը պիտի զերծ պահենք այս գլոբալ պատերազմի վտանգից, իսկ դրա ձևը միակ է՝ Հայաստանը չպիտի ճամբարավորվի, պիտի չեզոքություն պահի, պետք է լավ հարաբերություններ հաստատի և Արևմուտքի հետ, և Ռուսաստանի, և Իրանի հետ, և Չինաստանի, և Հնդկաստանի»,–ասաց նա։

Զուրաբյանը հայտարարեց, որ իշխանության կողմից բալանսավորված քաղաքականություն վարելու մասին պնդումները խաբեություն են. «Ոչ մի բալանսավորված քաղաքականություն ինքը չի վարում։ Արդեն բոլորին ակնհայտ է, որ ինքը վարում է Ալիևի պահանջների բավարարման քաղաքականություն, այդտեղ ոչ մի բալանսավորված բան չկա։ Բնականաբար, իրեն շատ շնորհակալ են Եվրոպական Միության լիդերները, որովհետև այդ քաղաքականության հետևանքով Հայաստանի հետ ինչ կլինի կարևոր չի, բայց մի բան հաստատ կլինի, Ռուսաստանին դուրս կմեղեն Հարավային Կովկասից, Իրանին կմեկուսացնեն։ Սա է, ինչի համար շոյում են Նիկոլ Փաշինյանի գլուխը։

Եթե այս ամեն ինչի հետևանքով լինի մի մեծ աղետ հայ ժողովրդի գլխին, տուժելու է հայ ժողովուրդը, ինքը չի տուժելու, իրեն վերջին պահին ուղղաթիռով դուրս կհանեն, կտանեն և իր ամբողջ կյանքը արդեն կպահեն, կփայփայեն։

Մեզ պետք է ամեն ինչ անել, որ մենք խուսափենք այս վտանգներից։ Գլխավոր ռազմավարական սպառնալիքները սրանք են, որ մենք կարող ենք մեր ինքնիշխանությունը կորցնել, կարող ենք հայտնվել հիբրիդային պատերազմում, կարող ենք հայտնվել էներգետիկ ճգնաժամի մեջ»,– հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածուն։

Հիշեցնենք, որ մայիսի 9–ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *