Եթե Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալվել էին նաև ողջ Արևելքն ու Արևմուտքը

«Հրապարակի» զրուցակիցը ՍԻՄ կուսակցության նախկին նախագահ, նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն է։

– Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ժամանակ պնդել է, որ Արցախյան շարժումը սխալ էր և հայ ժողովրդին տարել են սխալ ուղղությամբ։ Ըստ Փաշինյանի՝ Արցախը երբեք էլ չի եղել հայկական տարածք և հայերը անիմաստ պայքարել են դրա համար։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են արժանահավատ Նիկոլ Փաշինյանի այս պնդումները։

– Ես ստիպված եմ այդ զառանցանքները մեկնաբանել, քանի որ եթե չենք մեկնաբանում նրա զառանցանքները, իրեն թվում է, թե ինքը ճիշտ է, իսկ իր մակարդակին չհավասարվողները՝ սխալ են։ Նրա այս հայտարարությունների հիմնական թիրախը նորից նախկին իշխանություններն են, հատկապես այն գործիչները, ովքեր այսօր մասնակցում են նախընտրական պայքարին։ Նա փորձում է իր հիմնական մրցակիցներին սևացնել։ Պարզ է, որ նրա այս հայտարարությունները ոչ թե ուղղակի ասված խոսքեր են, այլ կոնկրետ նպատակներ ունեն։ Ես փորձում եմ հնարավորինս կոռեկտ արտահայտվել, որպեսզի նիկոլական ընթերցողները ևս կարողանան այս հարցազրույցից հետևություններ անել՝ գոնե մի փոքր։ Հեռվից սկսեմ՝ դպրոցում երբ մաթեմատիկա էինք սովորում կար մի այսպիսի մեթոդ՝ ասում են ենթադրենք, որ այսինչ բանը այսպես չէ։ Այժմ ենթադրենք դա եղել է սխալ, եկեք հասկանանք, թե դա ում սխալն էր այդ պարագայում։ Ես կոնկրետ Արցախյան շարժման մեջ ներգրավվել եմ հետևյալ կերպ։ ԳԽ պատգամավոր, Արցախի հանձնաժողովի նախագահ Սուրեն Զոլյանին էինք մշտապես դիմում, երբ մեզ տեղեկություն էր հարկավոր լինում Արցախի թեմայով։ Նա իմ լավ ընկերներից է։ Մենք աշխատում էինք սարի գլխին՝ պալիգոն էր այն ժամանակ, այն ժամանակ համակարգիչներ չկային այսօրվա նման, երբ Արցախի մասին տեղեկություն էր հարկավոր լինում, Աբովյանից հատուկ՝ մեծ չափերի դիսկեր էինք բերում, տեղեկություններ էինք ուսումնասիրում և նյութեր էինք տպում՝ մոտ 20 էջից կազմված։ Հետո այդ նյութերը ընթերցում էինք, վերլուծում էինք, լսում էինք տարբեր երկրների կարծիքներ՝ այդ թեմայով, դրանից հետո մտա ԳԽ, ԱԺ և ես վստահ էի, հիմա էլ վստահ եմ, որ Արցախը հայկական տարածք է։ Աշխարհը ևս ընդունում էր, որ այն հայկական տարածք է, պարզապես համարում էր վիճելի հարց, ինչու, որովհետև Ադրբեջանի դրա հետ համաձայն չէր։ Հետո հարցը մտավ միջազգային ասպարեզ, տեղի ունեցավ հարցի միջազգայնացում, ստեղվծեց Մինսկի խումբ՝ երեք համանախագահով և այն 20 տարուց ավելի գործեց հենց այդ սկզբունքով։ Դրա անունը Ստատուս քվո էր։ Այն փորձում են որոշները ներկայացնել, որպես ռուսների սահմանած ստատուս քվո, բայց ոչ, դա իրականում միջազգային ամենաբարձր ստատուս ունեցող կազմակերպությունների ստատուս քվոն էր։ Հիմա եթե Նիկոլն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալ էին՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, սխալվեր էր ողջ Արևմուտքը, սխալվեր էր ՌԴ-ն, սխալվեր էր ամբողջ Արևելքը։ Ստացվում է, որ ամբողջ աշխարհը սխալվել էր և միայն Նիկոլն է ճիշտը։ Կատարյալ անհեթեթություն․․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *