Դանիայի թագավորը հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն վարչապետի անհաջողությունից հետո

Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը աջ կենտրոնամետ քաղաքական ճամբարի գործիչ Թրոելս Լունդ Պոուլսենին հանձնարարել է փորձել ձևավորել նոր կառավարություն այն բանից հետո, երբ վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենը չկարողացավ կազմել իշխող կոալիցիա, հաղորդել է The Guardian-ը։

Ուրբաթ երեկոյան արված հայտարարությունը լուրջ ցնցում էր քաղաքական իսթեբլիշմենթի համար, քանի որ Ֆրեդերիկսենը տասնամյակներ շարունակ եղել է դանիական քաղաքականության առանցքային դեմքերից մեկը։

Նրա ձախակենտրոն «Սոցիալ-դեմոկրատներ» կուսակցությունը մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել էր ամենաշատ ձայները։

Սակայն, չնայած առաջին տեղին, դա սոցիալ-դեմոկրատների ամենավատ արդյունքն էր 1903 թվականից ի վեր, և ոչ մի կուսակցություն բացարձակ մեծամասնություն չէր ստացել։

Ընտրություններից հետո Ֆրեդերիկսենը փորձում էր ձևավորել ձախակենտրոն կառավարություն՝ չափավորների աջակցությամբ, որոնց առաջնորդում էր Լարս Լյոքե Ռասմուսենը։ Նրան «թագավորներ ստեղծող» էին համարում՝ Ֆրեդերիկսենի և լիբերալ աջ կենտրոնամետ կուսակցության նախագահ Թրոելս Լունդ Պոուլսենի միջև ունեցած դիրքի պատճառով։

Սակայն Ֆրեդերիկսենին չհաջողվեց ստանալ Դանիայի էլ ավելի մասնատվող քաղաքական ուժերի աջակցությունը։ Ուրբաթ երեկոյան Ռասմուսենը՝ երկրի արտաքին գործերի նախկին նախարարը, դուրս եկավ բանակցություններից և աջակցեց Պոուլսենին։

Դրանից հետո թագավոր Ֆրեդերիկը Պոուլսենին հանձնարարեց ձևավորել նոր կառավարություն։ Պաշտոնական հայտարարության մեջ միապետը նրան խնդրլ է «ղեկավարել բանակցությունները՝ կառավարության ձևավորման նպատակով»՝ առանց սոցիալ-դեմոկրատների և չափավորների մասնակցության։

Պոուլսենին անհրաժեշտ կլինի աջ կուսակցությունների կոալիցիա հավաքել՝ կառավարություն ձևավորելու համար. դա բարդ և փխրուն գործընթաց է, որը կարող է շաբաթներ տևել։ Արդեն հիմա կաբինետ ստեղծելու փորձը դարձել է Դանիայի պատմության մեջ ամենաերկարը։

Վերջին տարիներին դանիական քաղաքականությունը զգալիորեն թեքվել է դեպի աջ։ Մարտյան ընտրությունները ցույց տվեցին մի քանի աջ կուսակցությունների աջակցության աճ։ Հատկապես ուժեղ արդյունք գրանցեց Դանիայի ավանդական ծայրահեղ աջ ժողովրդական կուսակցությունը, որը նախորդ ընտրությունների համեմատ եռապատկեց իր ձայների քանակը և ստացավ 9,1 տոկոս։

Միգրացիան դարձել է Դանիայի ամենասուր թեմաներից մեկը, ինչպես նաև եվրոպական շատ այլ երկրներում, նույնիսկ ձախակենտրոն կուսակցություններն են ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել միգրացիոն վերահսկողության ոլորտում։

Թագավորի հայտարարության մեջ նշվել էր, որ Դանիայի ժողովրդական կուսակցությունը աջակցել է Պոուլսենի թեկնածությանը՝ պայմանով, որ նոր կառավարությունն ունենա «հստակ նպատակ՝ ընդունել միջոցներ, որոնք կհանգեցնեն մահմեդականների զուտ արտահոսքին Դանիայից»։

Ուրբաթ կեսօրին թագավորի հետ հանդիպումից հետո Ֆրեդերիկսենն ընդունել է, որ աջ կառավարության ձևավորման հավանականությունն ավելի ու ավելի իրական է դառնում։

«Դանիացիներն այնպես են ձևավորել խորհրդարանը, որ լիովին կարող է աջ կառավարություն ստեղծվել։ Միանգամայն հնարավոր է, որ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, հենց այդ գործընթացի սկիզբն է», — ասել է նա։

Ֆրեդերիկսենը հանրաճանաչություն էր վայելում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու փորձերին իր դիրքորոշման շնորհիվ, երբ նա դիմադրում էր ԱՄՆ վարչակազմի ուժեղ ճնշմանը և սպառնալիքներին։ Սակայն ներքին հարցերում, ինչպիսին են հարկումը և ներգաղթը, նրա դիրքերը զգալիորեն ավելի թույլ են եղել։

Վերլուծաբանները նշել են, որ թեև Ֆրեդերիկսենը լուրջ անհաջողություն է կրել, նրա քաղաքական կարիերան դեռ ավարտված համարել չի կարելի։ Եթե Պոուլսենին չհաջողվի հավաքել աջ կուսակցությունների կայուն կոալիցիա, վարչապետը կարող է կրկին վերադառնալ սեփական կոալիցիայով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *