Փետրվարին Իսրայելը գաղտնի ռազմաբազա է տեղակայել Իրաքի անապատում՝ Իրանի դեմ օդային արշավին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին և այլ աղբյուրների։
Կառույցը հիմնվել է փետրվարի 28-ի ամերիկա-իսրայելական համատեղ հարձակման նախաշեմին՝ դառնալով Իսրայելի ռազմաօդային ուժերի համար կարևոր լոգիստիկ հանգույց։
Բացի տեխնիկական սպասարկումից, այստեղ հերթապահել են նաև հատուկջոկատայիններն ու փրկարարական խմբեր։ Նրանք պետք է անմիջապես օգնության հասնեին, եթե իսրայելական կողմը օդաչուի կորուստ ունենար կամ ինքնաթիռ խոցվեր։
Հենակետի գոյությունը գաղտնի պահելու համար իսրայելցիները դիմել են ծայրահեղ քայլի։ Նրանք օդից հարվածել են իրաքյան այն ստորաբաժանումներին, որոնք մարտի սկզբին պատահաբար մոտեցել են տարածքին ու փորձել բացահայտել բազան։
Այն ժամանակ Բաղդադը հայտարարել էր, որ օդային հարվածների հետևանքով զոհվել է մեկ իրաքցի զինվոր։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իրաքյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ հեռավոր շրջաններից մեկում տեղի հովիվն «արտասովոր ռազմական ակտիվության» է նկատել։ Նա ականատես է եղել ուղղաթիռների տեղաշարժի և հրաձգության։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ իսրայելական հարվածների շնորհիվ հաջողվել է իրաքյան ուժերին հետ պահել հետագա հետաքննությունից։
Իրաքը, որն ի սկզբանե մարտ ամսվա հարձակման պատասխանատվությունը բարդել էր ԱՄՆ-ի վրա, այն ժամանակ հայտարարել էր. «Այս անխոհեմ գործողությունն իրականացվել է առանց համակարգման կամ թույլտվության»։ Ամերիկյան լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ Միացյալ Նահանգները չի մասնակցել այդ գործողությանը։
«Ըստ ամենայնի՝ նախքան հարված հասցնելը տեղանքում գործել են օդից աջակցություն ստացող որոշակի ուժեր, որոնց գործողությունները դուրս են եկել մեր ստորաբաժանումների կարողությունների սահմաններից»,- այն ժամանակ հայտարարել էր իրաքցի բարձրաստիճան մի զինվորական։
Հոդվածում մեջբերվում է նաև Իսրայելի ռազմաօդային ուժերի այն ժամանակվա հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարի՝ մարտ ամսին արված հայտարարությունը, որտեղ նա նշել էր, թե հատուկ նշանակության ուժերն «արտակարգ» գործողություններ են իրականացրել Իրանի հետ հակամարտության ընթացքում։
WSJ-ի հետ զրուցած փորձագետի խոսքով՝ Իրաքի արևմտյան անապատը, որտեղ, ըստ հաղորդումների, գտնվել է բազան, իդեալական վայր է գաղտնի ռազմակայանի համար (հաշվի առնելով դրա հսկայական տարածքն ու սակավաբնակությունը)։