Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անկայուն։ Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների մասին լուրերը փաստում են լոկ երկխոսություն հաստատելու փորձերի մասին. շփումները կրում են անկանոն բնույթ և դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Միևնույն ժամանակ, Իսրայելը, հայտարարված զինադադարի փոխարեն, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը գտնվում է երկարատև էսկալացիայի փուլում, իսկ իրավիճակի հետագա սրման վտանգները դեռևս պահպանվում են։
NEWS.am-ը ներկայացնում է Մերձավոր Արևելքում կիրակի գիշերը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների կարճ ամփոփումը։
• Իրան-ԱՄՆ հակամարտությունը բարդ կացության մեջ է դնում Ռուսաստանին, քանի որ Մոսկվան լավ հարաբերություններ ունի թե՛ Թեհրանի, թե՛ Պարսից ծոցի երկրների հետ. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նաև ցավակցություն է հայտնել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ վերջինիս հետ կարող էր կառուցողական երկխոսություն վարել։
• Ըստ Պուտինի՝ ռուսական կողմն ուժի մեջ է թողնում իրանական հարստացված ուրանը դուրս բերելու վերաբերյալ առաջարկները՝ հիմնվելով այն համոզման վրա, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նկատառումներ չունի։ Այդուհանդերձ, Մոսկվան չի փորձում այս հարցում «քաղաքական միավորներ վաստակել» և պատրաստ է ընդունել թե՛ համաձայնությունը, թե՛ իր օգնությունից հրաժարվելը։
• Հայաստանում Իրանի դեսպանատունը շնորհավորել է Սպիտակ տան մամուլի քարտուղարին՝ դստեր ծննդյան կապակցությամբ, բայց միևնույն ժամանակ հիշեցրել է Մինաբում զոհված դպրոցական աղջիկների մասին։
«Շնորհավորում ենք ձեզ։ Երեխաներն անմեղ են և արժանի են սիրո։ Ձեր ղեկավարը 168 երեխա սպանեց Մինաբի դպրոցում, իսկ դուք արդարացրիք։ Նրանք նույնպես երեխաներ էին։ Երբ համբուրում եք ձեր երեխային, հիշե՛ք այդ երեխաների մայրերին»,- ասված է Հայաստանում Իրանի դեսպանության հաղորդագրության մեջ։
• Իրանը հրապարակել է Հորմուզի նեղուցով անցնող ինտերնետային մալուխներից եկամուտ ստանալու երեք գործնական քայլերը.
առաջինը՝ արտասահմանյան ընկերություններից նախնական թույլտվությունների և տարեկան երկարաձգումների համար վճարի գանձում,
երկրորդը՝ պարտավորեցնել տեխնոլոգիական որոշ հսկաներին(Meta, Amazon, Microsoft) գործել իրանական օրենսդրությանը համապատասխան ձևով,
երրորդը՝ մալուխների վերանորոգման և սպասարկման բացառիկ իրավունքների փոխանցում իրանական ընկերություններին։