ԱՄՆ-ն և Իրանը չեն մոտեցել պատերազմի ավարտին․ Reuters

Օրմուզի նեղուցի շրջանում կիրակի օրը պահպանվում էր հարաբերական հանդարտություն՝ մի քանի օր տևած պարբերական սրացումներից հետո, գրում է Reuters-ը։

ԱՄՆ-ն սպասում է Իրանի պատասխանին իր վերջին առաջարկների վերաբերյալ, որոնք ուղղված են ավելի քան երկու ամիս տևող մարտական գործողությունների դադարեցմանը և խաղաղ բանակցությունների մեկնարկին:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ակնկալում է պատասխան ստանալ մի քանի ժամվա ընթացքում: Սակայն Թեհրանի կողմից այդ առաջարկին արձագանքելու տեսանելի նշաններ չեն եղել։ Առաջարկը պետք է պաշտոնապես վերջ դներ պատերազմին՝ նախքան ավելի բարդ հարցերի շուրջ բանակցությունների մեկնարկը (ներառյալ իրանական միջուկային ծրագիրը):

Ռուբիոն շաբաթ օրը Մայամիում հանդիպել է Կատարի վարչապետ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ։ ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության համաձայն՝ նրանք քննարկել են համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը՝ «սպառնալիքների զսպման, ինչպես նաև Մերձավոր Արևելքում կայունության և անվտանգության խթանման նպատակով»։ Իրանը հայտարարության մեջ չի հիշատակվել։

Կատարի ԱԳՆ-ն հայտնել է, որ նախարարը նաև հանդիպել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղղությամբ Պակիստանի միջնորդական ջանքերը։

Ֆրանսիական LCI հեռուստաալիքի լրագրող Մարգո Հադդադի փոխանցմամբ՝ Դոնալդ Թրամփն իրեն տված կարճ հարցազրույցում հայտարարել է, որ ակնկալում է Իրանի շուտափույթ պատասխանը։

Հաջորդ շաբաթ Դոնալդ Թրամփը պաշտոնական այց կկատարի Չինաստան։ Այդիսկ պատճառով կողմերն ավելի մեծ ճնշման են ենթարկվում և փորձում են հնարավորինս արագ վերջ տալ գլոբալ տնտեսության համար սպառնալիք դարձած և էներգետիկ ճգնաժամ առաջացրած բախմանը։

LSEG նավագնացության ծառայության տվյալներով՝ կատարական հեղուկացված բնական գազով (ՀԲԳ) բեռնված տանկերը նեղուցով ուղղություն է վերցրել դեպի Պակիստան։ Աղբյուրները նշում են, որ երթուղին նախապես համաձայնեցվել է Իրանի հետ. սա յուրօրինակ «վստահության քայլ» է՝ Կատարի ու Պակիստանի միջնորդական ջանքերի շրջանակում։ Եթե նավին հաջողվի անցնել նեղուցը, ապա դա կլինի փետրվարի 28-ին բռնկված հակամարտությունից ի վեր կատարական ՀԲԳ տեղափոխող տանկերի առաջին հաջողված երթը։

Հաղորդվում է, որ վերջին շաբաթների ընթացքում Թեհրանը զգալիորեն սահմանափակել է Հորմուզի նեղուցով օտարերկրյա նավերի անցումը։ Նախկինում այ նեղուցը հնարավորություն էր տալիս իր տարածքով դուրս հանել համաշխարհային նավթային առևտրի մոտ մեկ հինգերորդը։

Վերջին օրերին իրավիճակի սրուացումներ են գրանցվել նեղուցի շրջակայքում, ներառյալ նաև ԱՄԷ տարածքի վրա հարձակումները։ Ուրբաթ օրը հաղորդվել է նաև իրանական ուժերի և ամերիկյան նավերի միջև բախումների մասին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի հետ կապված երկու նավերի ուղղությամբ հասցված հարվածների մասին։ Այդ հարվածները հասցվել են այն նավերին, որոնք փորձել են մուտք գործել իրանական նավահանգիստ։

Բրիտանական ծովային առևտրային գործառնությունների վարչությունը կիրակի օրը հայտնել է Դոհայից հյուսիս-արևելք գտնվող բեռնատար նավի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածի մասին: Բռնկված հրդեհն արագորեն մարվել է, զոհեր կամ բնապահպանական վնասներ չեն արձանագրվել: Միջադեպի աղբյուրը պարզվում է։

Իրանի բանակի ներկայացուցիչը հայտարարել է, որ այն երկրները, որոնք սատարում են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, խնդիրների կբախվեն Հորմուզի նեղուցով անցնելիս։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանում քննարկվում է օրինագիծ, որը սահմանափակումներ է նախատեսում «թշնամական պետությունների» նավերի անցման համար։

Նա նաև հայտարարել է, որ նոր հարձակման դեպքում Իրանը կկիրառի «նոր սպառազինություն և պատերազմ վարելու նոր մեթոդներ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, չնայած առանձին բախումներին, հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է։ Այս ամենի հետ մեկտեղ՝ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է հրադադարը խախտելու մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ «ամեն անգամ, երբ դիվանագիտական լուծման հնարավորություն է հայտնվում, ԱՄՆ-ն ընտրում է ռազմական էսկալացիայի ճանապարհը»։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգներին չի հաջողվել լայն միջազգային աջակցություն ստանալ այս հակամարտությունում։

Միացյալ Թագավորությունը հայտարարել է տարածաշրջան ռազմանավ գործուղելու մասին։ Սա նախապատրաստական քայլ է՝ ուղղված հնարավոր բազմազգ առաքելությանը, որը պետք է երաշխավորի նեղուցի նավագնացության անվտանգությունը՝ իրավիճակի հանդարտվելուց հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *