Կառավարությունը չի հայտնում՝ կմասնակցի՞ Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին, թե ոչ

Դեռևս հայտնի չէ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ մայիսի 28-29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովին, թե՞ ոչ։ NEWS.am–ի հարցադրմանն ի պատասխան կառավարությունից ասացին․ «Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8–ից գտնվում է արձակուրդում։ Նա հայտնել էր, որ արձակուրդը կընդհատվի միայն մայիսի 28-ին, քանի որ պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունի։ Փաշինյանի այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ նա Աստանա չի մեկնի, մայիսի 28-ին Հայասանում կլինի։ Դեռևս հայտնի չէ՝ հնարավո՞ր է արդյոք, որ Փաշինյանը հեռավար մասնակցի ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով հաջորդ նիստը նախատեսված է մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել, որ ԵԱՏՄ հերթական գագաթաժողովում կքննարկվի նաև Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության ծրագիրը։ Պուտինն առաջարկել է Հայաստանին ընտրել՝ կա՛մ մնալ ԵԱՏՄ կազմում, կա՛մ գնալ ԵՄ և զրկվել ԵԱՏՄ–ի տված բոլոր առավելություններից։ Պուտինը Փաշինյանին առաջարկել է հանրաքվեի դնել ԵԱՏՄ–ի  և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցը։ Ընդ որում՝՝ Ռուսաստանի նախագահը Երևանին առաջարկել է հնարավորինս շուտ կողմնորոշվել՝ ԵԱՏՄ, թե ԵՄ հարցում։

Նշենք, որ այսօր NEWS.am–ի թղթակիցը հարց էր ուղղել Վայոց Ձորում քարոզարշավի մասնակցող Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե ինչպես է արձագանքում Պուտինի այդ կոշտ հայտարարություններին։ Փաշինյանը հարցն անպատասխան էր թողել՝ նշելով, որ շտապում է։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Պուտինի այդ հայտարարություններում նորություն չկա․ «Մենք էլ ենք միշտ ասել՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ–ի և ԵՄ–ի միջև, հասկանալիորեն կկատարենք։ Ոչ մի նոր բան այդտեղ չկա։ Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, շարունակում ենք մեր գործունեությունն այդտեղ։ Նաև գաղտնիք չի, որ ՀՀ ժողովուրդն էլ, այսպես ասած, Եվրոպական հավակնություններ ունի։ Երբ որոշելու պահը գա, կորոշենք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *