136 մլն եկամուտ, 1.8 մլն աշխատավարձ և 300 մլն հարկ վճարող բիզնես․ Մեսրոպ Մանուկյանի միլիոնները

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը վերջին շրջանում պարբերաբար բարձրաձայնում է պետական պաշտոնյաների եկամուտների թեման և ընդգծելով, որ աղքատ բյուջե ունեցող երկրի պայմաններում միջին կարգի պաշտոնյաները չեն կարող տարեկան 20-30 միլիոն դրամ եկամուտ ունենալ։ Սակայն նրա հայտարարագրի տվյալները ցույց են տալիս, որ Մանուկյանի տարեկան եկամուտները զգալիորեն բարձր են և կազմում են մոտ 136.7 միլիոն դրամ։

Հայտարարագրի համաձայն՝ եկամուտների մեծ մասը «Անի» ԲԲԸ-ից ստացված շահաբաժիններն են։ Մոտ 39.1 միլիոն դրամ ստացել է փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսներից և այլ հատուցումներից, մոտ 88.9 միլիոն դրամ՝ շահաբաժիններ «Անի» ԲԲԸ-ից, մոտ 8.76 միլիոն դրամ՝ աշխատանքի վարձատրություն։ Այսպիսով, ընդհանուր եկամուտը կազմում է շուրջ 136,754,976 դրամ։

Oragir.News-ը Մեսրոպ Մանուկյանի եկամուտների աղբյուրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց նրա հետ։

«Անի» ԲԲ ընկերությունը հիմնադրել է իմ երջանկահիշատակ հայրը։ Այն շինարարական ընկերություն է, որի գործունեության մեջ ներառված են նաև հիդրոէլեկտրակայան և գազալցակայան։ Մեր ընկերությունը տարեկան վճարում է շուրջ 300 միլիոն դրամից ավելի հարկեր։ Հորս մահից հետո ես ժառանգությամբ ստացել եմ նրա բաժնեմասը, և այդ եկամուտը, որի մասին դուք խոսում եք, այդ ժառանգության և ընկերության գործունեության արդյունքում ստացված գումարի մի մասն է»,- պարզաբանեց Մանուկյանն՝ ընդգծելով, որ այս ընկերությունից իր աշխատավարձը 1.8 միլիոն դրամ է։

Վերջինս տեղեկացրեց, որ ընկերությունն ամբողջությամբ կառուցվել է վարկային միջոցների հաշվին։

«Իմ հայրը սովետի տարիներին սովորական բանվորից դարձել է ղեկավար։ Ախուրյանի ջրամբարում աշխատել է որպես բանվոր, հետո դարձել գլխավոր ինժեներ, այնուհետև՝ ընկերության տնօրեն։ Հետագայում ընկերությունը սեփականաշնորհվել է։ Իսկ այն եկամուտը, որի մասին դուք խոսում եք, բոլոր հարկերը վճարելուց հետո ընկերության գեներացրած միջոցների միայն մի մասն է, որը ես ստացել եմ որպես ժառանգություն»,- հայտնեց մեր զրուցակիցը։

Մանուկյանը նշեց, որ ընկերությունը տարեկան արտադրում է 22-ից մինչև 29 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէներգիա։

«2001 թվականից սկսել ենք կառուցման գործընթացը, և մինչև այսօր շարունակվել են վերավարկավորումներ, սարքավորումների փոխարինումներ և այլ ներդրումներ։ Վարկային բեռը միայն այս տարվա հուլիսին է ամբողջությամբ ավարտվելու»,- ամփոփեց Մեսրոպ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ Մեսրոպ Մանուկյանի կենսագրության մեջ նշվում է, որ 2004թ. ընդունվել է աշխատանքի «Անի» ԲԲԸ-ում՝ որպես տնտեսագետ, իսկ 2020-ից «Անի» ԲԲԸ-ի ֆինանսական գծով տնօրենն է։ 2008-ից ԵԿՄ անդամ է: 2010-2017թթ. ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականն է եղել։

Հիշեցնենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների՝ 2023 թվականի դեկտեմբերին Մեսրոպ Մանուկյանը և նրա հարազատները հրավիրվել են Դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում բացատրություններ տալու համար։ Իսկ «Անի» ԲԲ ընկերության կողմից «Ջրաձոր» ջրանցքի ձեռքբերման հետ կապված քրեական գործ էր հարուցվել 2018-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *