Պիստորիուսի այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով


Քաղաքականություն


Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինայի հետ սպառազինության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հարցի քննարկման համար: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է DPA գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ Պիստորիուսի այցը նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Գերմանիան և Ուկրաինան ռազմավարական գործընկերներ են, և համագործակցությունն օգտակար է երկու կողմերի համար։ Դա հնարավորություններ է բացում բազմաթիվ նոր նախագծերի իրականացման համար», – հայտարարել է Պիստորիուսը։ «Հիմնական շեշտը դրվում է գործողության բոլոր շառավիղներով առաջավոր անօդաչու համակարգերի համատեղ մշակման վրա, մասնավորապես՝ խորը հարվածներ հասցնելու համար հնարավորությունների ապահովման ոլորտում», – ասել է նա։

Պիստորիուսի խոսքով՝ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները դեռ զգալի խնդիրներ ունեն մեծ հեռահարության անօդաչուների մշակման գործում և ցանկանում են օգուտ քաղել ռազմադաշտում ուկրաինացի զինվորականների փորձից:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ Գերմանիայի կառավարությունը նաև ձգտում է Ուկրաինայի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման։ «Բացի այդ, մենք նախատեսում ենք օգտագործել Brave One հարթակը՝ աջակցելու այն մշակողներին, որոնք ունակ են ներկայացնելու հեռանկարային նորարարական լուծումներ», – հավելել է Պիստորիուսը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը, Գերմանիան 2022 թ. փետրվարի 24-ին ՌԴ-ի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինային է տրամադրել  մոտ 39 միլիարդ եվրոյի չափով մարդասիրական օգնություն և 55 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *