Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ Արման Սարոյանը, որն, ըստ նրա, այլևս հոգևորական չի հանդիսանում, շարունակում է տնօրինել բանկային հաշիվներ՝ դատարանի որոշման և հարկադիր կատարողի մեկնաբանության հիման վրա։
«Արման Սարոյանը այսօր բանկային հաշիվներով գործարքներ է կատարում դատարանի որոշման և հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա։ Ավելին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ նրան զրկել է պաշտոնից, նաև կասեցրել է նրա լիազորությունները, բայց հարկադիր կատարողը կատարողական վարույթի օրենքի կամայական մեկնաբանությամբ ինքն է լիազորել Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարքներ իրականացնի»,- ասել է Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ ստեղծվել է իրավիճակ, երբ, ըստ էության, հարկադիր կատարողը «իր վրա է վերցրել եկեղեցական ղեկավարի դեր»։
«Այսինքն՝ հարկադիր կատարողն իրեն դրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը և նման լիազորություն է տվել։ Այսօր Արման Սարոյանը բանկային հաշիվների մատչելիություն ունի, ավելին՝ կառավարում և տնօրինում է դրանք՝ չունենալով դրա իրավունքը»,- նշել է նա։
Փաստաբանի պնդմամբ՝ ապրիլի 1-ի դրությամբ արդեն իսկ զգալի գումարներ են դուրս գրվել հաշիվներից։
«Պետք է տեղեկացնեմ, որ ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ հաշիվներից դուրս է գրվել։ Այդ հաշիվներում էլ բազմաթիվ դրամական միջոցներ կան, և մենք մտածում ենք, որ նա կարող է վատնել դրանք»,- ասել է Զոհրաբյանը։
Նա նշել է, որ դատարան են դիմել հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջով, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։ Դրանից հետո, ըստ նրա, ներկայացվել է նաև հակընդդեմ ապահով կիրառելու պահանջ։
«Մենք դատարանին խնդրել ենք հակընդդեմ ապահով կիրառել, բերել ենք ապացույցներ, որ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ հանվել է հաշվից, բերել ենք նաև տվյալներ, որ բանկում մեծ դրամական միջոցներ կան, որոնց նույնպես հասանելիություն կա։ Բայց դա էլ դատարանի կողմից մերժվել է»,- նշել է փաստաբանը։
Զոհրաբյանը քննադատել է նաև դատավոր Էդգար Հովհաննիսյանի գործողությունները՝ պնդելով, որ վերջինս կողմնակալություն է ցուցաբերել։ «Այս առումով ևս դատավոր Էդգար Հովհաննիսյանը հերթական անգամ ապացուցեց իր կողմնակալ լինելը և Արման Սարոյանի ցանկությունները կատարելը»,- ասել է նա։ Փաստաբանը դժգոհություն է հայտնել նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունից՝ պնդելով, որ այն, ըստ էության, սպասարկել է Սարոյանի պահանջները։
«Պատկերացրեք՝ Արման Սարոյանը հերթական նամակն է գրում, օրինակ՝ ֆեյսբուքյան էջն են փակել, խնդրում է միջոցներ ձեռնարկել, և հարկադիր կատարողը կարծես դարձել է Արման Սարոյանի մշտական աշխատակիցը։ Այս նամակներով ահաբեկում են նաև հոգևորականներին»,- նշել է նա։
Ասուլիսի ընթացքում Զոհրաբյանը լրագրողներին ցույց է տվել նաև փաստաթղթեր՝ պնդելով, որ տարբեր դեպքերում օգտագործվել են տարբեր ստորագրություններ և կարգավիճակներ։
«Տեսեք՝ երբ հարկադիր կատարողին դիմում է, ստորագրում է որպես Արման Սարոյան, իսկ հետո մեկ այլ փաստաթղթում արդեն հանդես է գալիս որպես եպիսկոպոս՝ այլ ստորագրությամբ։ Սա ինքնին ապացույց է, որ այստեղ կան լուրջ հարցեր»,- ասել է փաստաբանը։