Հայաստանի իշխանություններն ամենամեծ ուշադրությունը դարձնում են ոստիկանության այն հատվածին, որը «մահակի» դեր է կատարում։ Այս մասին Դպրաբակ գյուղի բնակիչների հետ հանդիպմանն հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Բնակիչները շեշտել են, որ նախորդ տարիների համեմատ՝ բանակի հեղինակությունն ընկել է։ Քոչարյանը պատասխանել է, որ նախկինում պետությունը միշտ ընդգծել է բանակի և զինծառայողների դերի կարևորությունը՝ հետևելով, որ աշխատավարձերն առնվազն մեկ քառորդով ավելի բարձր լինեն ուժայինների աշխատավարձերից։ Այժմ պետության վերաբերմունքն այլ է, և ճանապարհային տեսուչն ավելի շատ է ստանում. ուշադրություն է դարձվում ոստիկանության այն հատվածին, որը «մահակի» դեր է կատարում, շարունակել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ այս ամենը պետք է փոխվի, և առաջին տեղում պետք է լինի սահմանը։ Բանակի հեղինակության անկման վկայությունն այն է, որ եթե նախկինում ռազմական ինստիտուտ ընդունվելու համար մեծ մրցույթ կար՝ մեկ տեղի համար 7-8 հոգի, ապա հիմա ընդունում են անխտիր բոլորին։
Բնակիչները դժգոհել են ճանապարհների և գազամատակարարման բացակայությունից, անձնագրային սեղանների հեռավորությունից, հողի և շինարարության բարձր գներից, ինչպես նաև բարձրացրել են դպրոցական ավտոբուսի և սողանքային գոտում գտնվող տների հարցը։ «Եթե ուզում ես քո սեփական հողամասում մի զուգարան կառուցել, պետք է նախագիծ ներկայացնես ու թույլտվություն խնդրես»,- դժգոհել է գյուղացիներից մեկը։
Քոչարյանը նշել է, որ սողանքային գոտում գտնվող տների խնդիրը բավականին պարզ է լուծվում՝ նոր տների շինարարությամբ։ Դա կարելի է լուծել, օրինակ՝ եթե իշխանությունները թեկուզ մեկ ամիս իրենք իրենց պարգևավճարներ չփոխանցեն, հավելել է քաղաքական գործիչը։ Նրա խոսքով՝ երկրում նմանատիպ բոլոր տների հարցը կարելի է լուծել մի քանի տարում, սակայն տպավորություն է, թե իշխանությունները միտումնավոր չեն լուծում այն, որպեսզի մարդկանց ստիպեն լքել գյուղը։ «Կա սոցիալական շինարարություն։ Իմ ժամանակ վերականգնում էին Գյումրիի, Սպիտակի աղետի գոտին, և մարդիկ ոչինչ չէին վճարում»,- հիշեցրել է նա՝ հավելելով, որ վերջին 8 տարիներին Հայաստանում սոցիալական շինարարություն չի իրականացվում։