Արսենալի կարևորագույն հաղթանակ Լոնդոն ստադիոնում


Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 36-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս չափազանց կարևոր ու բարդ հաղթանակ կորզեց «Վեսթ Հեմ Յունայթեդից»։ «Լոնդոն» ստադիոնում կայացած դերբին ավարտվեց «զինագործների» հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Հանդիպման 28-րդ րոպեին հյուրերը ստիպված էին վաղաժամ փոփոխություն կատարել. վնասվածքի պատճառով դաշտը լքեց պաշտպան Բեն Ուայթը, ում փոխարինեց Մարտին Սուբիմենդին։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից քիչ առաջ՝ 83-րդ րոպեին, Լեանդրո Տրոսարդը կարողացավ կոտրել տանտերերի դիմադրությունն ու առաջ մղել «Արսենալին»։

 

Հանդիպման հանգուցալուծումը չափազանց դրամատիկ ստացվեց. 90+5-րդ րոպեին Կալում Ուիլսոնը գրավեց հյուրերի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը, սակայն գլխավոր մրցավար Քրիս Կավանան, VAR համակարգի միջամտությունից և կրկնապատկերը դիտելուց հետո, չեղարկեց գոլը։

Այս դժվարին հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 79 միավոր և ամրապնդվեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում՝ 5 միավորով պոկվելով մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիից»։ «Վեսթ Հեմը» 36 միավորով 18-րդն է։

Առաջնության հաջորդ տուրում «մրճահարները» մայիսի 17-ին արտագնա խաղում կմրցեն «Նյուքասլի» հետ, իսկ «զինագործները» մայիսի 18-ին սեփական հարկի տակ կընդունեն «Բարնլիին»։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *